Genesis 29:18-30

ArmenianEastern(i) 18 Յակոբը սիրեց Ռաքէլին. նա ասաց. «Քեզ եօթը տարի կը ծառայեմ քո կրտսեր դուստր Ռաքէլի համար»: 19 Լաբանն ասաց նրան. «Աւելի լաւ է նրան քե՛զ տամ, քան օտար մարդու: Ապրի՛ր դու ինձ մօտ»: 20 Յակոբը Ռաքէլի համար ծառայեց եօթը տարի, բայց նրա աչքին այդ տարիները օրեր թուացին, որովհետեւ սիրում էր նրան: 21 Յակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր ինձ իմ հարսնացուին, որպէսզի պառկեմ նրա հետ, որովհետեւ սահմանուած ժամկէտը վերջացել է»: 22 Լաբանը հաւաքեց տեղի բոլոր մարդկանց ու հարսանիք արեց: 23 Երբ գիշերը վրայ հասաւ, Լաբանն առաւ իր դուստր Լիային, տարաւ Յակոբի մօտ, եւ Յակոբը պառկեց նրա հետ: 24 Լաբանն իր աղախին Զելփային իբրեւ նաժիշտ տուեց իր դուստր Լիային: Առաւօտեան Յակոբը տեսաւ, որ իր կողքինը Լիան է: 25 Յակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թէ Ռաքէլի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»: 26 Լաբանն ասաց. «Մեր երկրում ընդունուած չէ մեծից առաջ կրտսերին ամուսնացնել: 27 Արդ, սրա՛ համար էլ եօթը տարի ծառայիր, եւ ինձ համար աշխատած այդ եօթը տարուայ աշխատանքիդ համար սրա՛ն էլ քեզ կին կը տամ»: 28 Յակոբն այդպէս էլ արեց. նա եօթը տարի եւս ծառայեց սրա համար, եւ Լաբանն իր դուստր Ռաքէլին կնութեան տուեց նրան: 29 Լաբանն իր աղախին Բալլային իբրեւ նաժիշտ տուեց իր դուստր Ռաքէլին: 30 Յակոբը մտաւ Ռաքէլի ծոցը եւ Ռաքէլին սիրեց աւելի, քան Լիային: Նա սրա համար ծառայեց եւս եօթը տարի: