Genesis 28

ArmenianEastern(i) 1 Իսահակը կանչեց Յակոբին, օրհնեց նրան ու պատուիրեց՝ ասելով. «Քանանացիների դուստրերից կին չառնես: 2 Գնա՛ Ասորիների Միջագետք, քո մօր հօր՝ Բաթուէլի տունը եւ այնտեղից, քո մօրեղբայր Լաբանի դուստրերից քեզ կին ա՛ռ: 3 Իմ Աստուածը թող օրհնի քեզ, աճեցնի քեզ, բազմացնի քեզ, բազում ժողովուրդների նախահայր լինես: Նա քեզ եւ քեզնից յետոյ գալիք քո սերունդներին թող տայ իմ հայր Աբրահամի օրհնութիւնը, 4 որպէսզի ժառանգես քո պանդխտութեան երկիրը, որ Աստուած տուել էր Աբրահամին»: 5 Իսահակը ճանապարհ դրեց Յակոբին, եւ սա գնաց Ասորիների Միջագետք, ասորի Բաթուէլի որդի Լաբանի մօտ, որը Ռեբեկայի՝ Յակոբի ու Եսաւի մօր եղբայրն էր: 6 Երբ Եսաւը տեսաւ, թէ Իսահակն օրհնեց Յակոբին, եւ սա գնաց Ասորիների Միջագետք, որ այնտեղից կին առնի, ինչպէս հայրը Յակոբին օրհնելիս պատուիրել էր ու ասել, թէ՝ «Քանանացիների դուստրերից կին չառնես», 7 Յակոբն էլ անսալով իր հօր ու մօր խօսքերին՝ գնացել էր Ասորիների Միջագետք, 8 համոզուեց, որ քանանացիների դուստրերը իր հայր Իսահակի աչքին հաճոյ չեն, 9 ուստի գնաց Իսմայէլի մօտ եւ ի յաւելումն իր ունեցած կանանց, կին առաւ նաեւ Աբրահամի որդի Իսմայէլի դուստր Մայելէթին՝ Նաբէութի քրոջը: 10 Յակոբը Երդման ջրհորի մօտից ելաւ գնաց Խառան: 11 Հասնելով մի տեղ՝ նա քնեց այնտեղ, որովհետեւ արեւն արդէն մայր էր մտել: Նա առաւ այնտեղի քարերից մէկը, դրեց գլխի տակ ու քնեց այնտեղ: 12 Նա երազ տեսաւ. երկրի վրայ հաստատուած էր մի սանդուղք, որի ծայրը հասնում էր երկինք, իսկ Աստծու հրեշտակները դրանով ելնում իջնում էին: 13 Տէրը կանգնած էր սանդուղքի վրայ: Նա ասաց. «Ես Տէրն եմ, քո հայր Աբրահամի Աստուածը եւ Իսահակի Աստուածը: Մի՛ վախեցիր, որովհետեւ այն հողը, որի վրայ քնել ես դու, քեզ եմ տալու եւ քո սերունդներին: 14 Քո սերունդները երկրի աւազի չափ շատ են լինելու, տարածուելու են դէպի ծովակողմ, դէպի արեւելք, դէպի հիւսիս ու հարաւ: Քո շնորհիւ եւ քո սերունդների շնորհիւ օրհնուելու են աշխարհի բոլոր ազգերը: 15 Ես ահա քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ քո բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես: Քեզ վերադարձնելու եմ այս երկիրը, որովհետեւ քեզ չեմ լքելու, մինչեւ որ չկատարեմ այն ամէնը, ինչ խոստացել եմ քեզ»: 16 Զարթնեց Յակոբն իր քնից ու ասաց. «Տէրն այստեղ է, իսկ ես չգիտէի»: 17 Նա վախեցաւ եւ ասաց. «Սարսռազդեցիկ է այս վայրը, եւ սա այլ բան չէ, եթէ ոչ Աստծու տունը, իսկ սա էլ երկնքի դուռն է»: 18 Առաւօտեան Յակոբը վեր կացաւ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, եւ այն կանգնեցրեց իբրեւ կոթող: Նա իւղով օծեց քարի գագաթը: 19 Յակոբն այդ վայրը կոչեց Աստծու տուն. նախկինում այդ քաղաքի անունը Ուլմաւուս էր: 20 Յակոբն ուխտ անելով՝ ասաց. «Եթէ Տէր Աստուած ինձ հետ լինի եւ ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց տայ եւ հագնելու հագուստ, 21 ինձ ողջ-առողջ վերադարձնի իմ հօր տունը, ուրեմն թող նա լինի ինձ Տէր Աստուած, 22 իսկ այն քարը, որ իբրեւ կոթող կանգնեցրի, թող ինձ համար լինի Աստծու տուն: Այն ամենից, Տէ՛ր, ինչ կը տաս ինձ, քեզ տասանորդ կը հանեմ»: