Luke 24:13-21

ArmenianEastern(i) 13 Եւ ահա նոյն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գիւղ, որի անունը Էմմաւուս էր, եւ որը Երուսաղէմից հեռու էր մօտ տասնմէկ կիլոմետր: 14 Եւ նրանք միմեանց հետ խօսում էին կատարուած բոլոր անցուդարձերի մասին: 15 Եւ մինչ նրանք խօսում էին ու վիճում, ինքը՝ Յիսուս մօտեցաւ ու գնում էր նրանց հետ: 16 Բայց նրանց աչքերը բռնուած էին, որպէսզի նրան չճանաչեն: 17 Եւ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում էք միմեանց հետ եւ տրտմած էք»: 18 Նրանցից մէկը, որի անունը Կղէոպաս էր, ասաց նրան. «Երուսաղէմում միայն դո՛ւ ես, որ չես իմացել, թէ ինչեր կատարուեցին այնտեղ այս օրերին»: 19 Եւ նրանց ասաց՝ ի՞նչ: Եւ նրանք ասացին Յիսուս Նազովրեցու մասին, որ եղաւ մարգարէ մարդ, հզօր՝ գործերով եւ խօսքերով, Աստծու եւ ամբողջ ժողովրդի առաջ, 20 եւ թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանաւորները նրան մատնեցին մահուան դատաստանի ու խաչը հանեցին նրան: 21 Մենք ակնկալում էինք, թէ նա է, որ փրկելու է Իսրայէլը. սակայն, այս բոլորով հանդերձ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարուեցին: