ArmenianEastern(i)
66 Եւ երբ լոյսը բացուեց, հաւաքուեց ժողովրդի ծերակոյտը՝ քահանայապետներ եւ օրէնսգէտներ, եւ Յիսուսին քաշեցին բերին իրենց ատեանի առաջ եւ ասացին. «Եթէ դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»: 67 Նրանց ասաց. «Եթէ ձեզ ասեմ իսկ, չէք հաւատայ: 68 Եւ եթէ ես ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չէք տայ կամ չէք արձակի ինձ: 69 Բայց սրանից յետոյ մարդու Որդին պիտի նստի Աստծու զօրութեան աջին»: 70 Եւ ամէնքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»: Եւ նա նրանց ասաց. «Դուք ասում էք, թէ ես եմ»: 71 Եւ նրանք ասացին. «Էլ ի՞նչ վկայութիւն է պէտք մեզ, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրա բերանից»:23 1 Եւ նրանց ամբողջ բազմութիւնը, վեր կենալով, նրան տարաւ Պիղատոսի մօտ: 2 Եւ սկսեցին ամբաստանել նրան եւ ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ եւ ինքն իր մասին ասում էր, թէ՝ Քրիստոսն է, թագաւոր»: 3 Իսկ Պիղատոսը հարցրեց նրան եւ ասաց. «Հրեաների թագաւորը դո՞ւ ես»: Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Դու ասացիր»: 4 Պիղատոսը քահանայապետներին եւ ժողովրդին ասաց. «Այս մարդու մէջ ես որեւէ յանցանք չեմ գտնում»: 5 Իսկ նրանք պնդում էին եւ ասում, թէ ըմբոստութեան է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրէաստանում՝ Գալիլիայից սկսած մինչեւ այստեղ: