Matthew 27:2-10

ArmenianEastern(i) 2 Նրան կապեցին, առան գնացին եւ յանձնեցին պոնտացի Պիղատոս կուսակալի ձեռքը: 3 Այն ժամանակ Յուդան, որ Յիսուսին մատնել էր, տեսնելով, որ Յիսուս դատապարտուեց, զղջաց, արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին եւ ժողովրդի ծերերին ու ասաց. 4 «Մեղանչեցի, որովհետեւ արդար արիւն մատնեցի»: Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»: 5 Եւ արծաթ դրամները նետեց տաճարի մէջ եւ հեռացաւ ու գնաց ինքն իրեն կախեց: 6 Իսկ քահանայապետները արծաթ դրամները վերցնելով՝ ասացին. «Օրինաւոր չէ դրանք ընդունել տաճարի գանձանակի մէջ, քանի որ արեան գին են»: 7 Եւ խորհուրդ անելով՝ դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպէս գերեզման օտարների համար: 8 Այդ պատճառով այդ ագարակը կոչուել է Արեան ագարակ՝ մինչեւ այսօր: 9 Այն ժամանակ կատարուեց, ինչ ասուել էր Երեմիա մարգարէի բերանով. «Եւ առան երեսուն կտոր արծաթը՝ վաճառուածի գինը, որ նշանակուել էր իսրայէլացիներից, 10 եւ այն տուեցին բրուտի ագարակի համար, ինչպէս Տէրը ինձ հրամայել էր»: