ArmenianEastern(i)
26 Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահաւասիկ նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»: 27 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ: 28 Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առաջից: 29 Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է: 30 Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նուազեմ»: