ArmenianEastern(i)
1 «Կարծր փայտից զոհասեղան կը պատրաստես: Հինգ կանգուն թող լինի դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը: Քառակուսի թող լինի զոհասեղանը: Երեք կանգուն թող լինի դրա բարձրութիւնը: 2 Դրա չորս անկիւնների վրայ եղջիւրներ կ՚անես այնպէս, որ դրանք միաձոյլ լինեն զոհասեղանի հետ: Դրանք կը պատես պղնձով: 3 Զոհասեղանի համար շրջանակ կը պատրաստես: Դրա խուփը, տաշտերը, մեծ պատառաքաղները, կրակարանները եւ ամբողջ սպասքը պղնձից կը պատրաստես: 4 Դրա համար պղնձից վանդակաւոր կասկարայ կը պատրաստես: Կասկարայի համար չորս կողմից չորս պղնձէ օղակներ կը պատրաստես: 5 Դրանք կը դնես զոհասեղանի կասկարայի տակ՝ ներքեւի մասում: Կասկարան թող հասնի մինչեւ զոհասեղանի մէջտեղը: 6 Զոհասեղանի համար լծակներ կը պատրաստես՝ լծակներ կարծր փայտից, եւ դրանք կը պատես պղնձով: 7 Լծակները կը մտցնես օղակների մէջ: Լծակները թող լինեն զոհասեղանի երկու կողմերից, որպէսզի հնարաւոր լինի այն բարձրացնել: 8 Փայտեայ շինուածքների մէջը դատարկ թող լինի: Կը պատրաստես ըստ այն օրինակի, որ ցոյց է տրուել քեզ լերան վրայ: Այդպէս կը պատրաստես այն»: 9 «Վրանի առաջ բակ կը շինես, բակի հարաւային կողմում՝ նրբահիւս բեհեզից պատրաստուած առագաստ: Հարիւր կանգուն թող լինի բակի մի կողմի երկարութիւնը: 10 Մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն: 11 Նոյն ձեւով հիւսիսային կողմում առագաստների երկարութիւնը թող լինի հարիւր կանգուն: Դրանց պղնձէ մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Դրանց գալարազարդերը, մոյթերը եւ խարիսխները թող լինեն արծաթապատ: 12 Ծովահայեաց բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ: 13 Արեւելեան կողմի առաջին բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ: 14 Առագաստների մի կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն երեք, դրանց խարիսխները՝ երեք: 15 Առագաստների միւս կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն երեք հատ, դրանց խարիսխները՝ երեք հատ: 16 Բակի դռան վարագոյրի բարձրութիւնը թող լինի քսան կանգուն: Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից պատրաստուած թող լինի այն՝ նկարագեղ ասեղնագործութեամբ: Դրանց մոյթերը թող լինեն չորս հատ, խարիսխներն էլ՝ չորս հատ: 17 Բակի շրջակայ բոլոր մոյթերը արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից: 18 Բակի երկարութիւնը հարիւր կանգուն թող լինի, լայնութիւնը՝ յիսուն, իսկ բարձրութիւնը՝ տասնհինգ կանգուն: Առագաստը նրբահիւս բեհեզից թող լինի: Դրանց խարիսխները պղնձից թող լինեն: 19 Վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր գործիքները եւ բակի բոլոր ցիցերը պղնձից թող լինեն»: 20 «Իսրայէլացիներին կարգադրի՛ր, որ քեզ ձիթենու զուլալ, անարատ, ծեծուած ձիթապտղի ձէթ բերեն լոյսի համար, 21 որպէսզի մշտավառ ճրագ լինի վկայութեան խորանում, ուխտի վարագոյրից դուրս: Եւ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ առաւօտ թող այն վառեն Տիրոջ առաջ: Դա Իսրայէլի որդիների կողմից հաստատուած յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ»: