ArmenianEastern(i)
42 եւ կնոջն ասում էին. «Այսուհետեւ քո խօսքերի համար չէ, որ հաւատում ենք, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրանից եւ գիտենք, թէ նա՛ է ճշմարտապէս Փրկիչն աշխարհի»: 43 Եւ երկու օր յետոյ նա ելաւ այնտեղից եւ գնաց Գալիլիա. 44 քանի որ Յիսուս ինքն իսկ վկայել էր, թէ մարգարէն իր գաւառում պատիւ չունի: 45 Սակայն, երբ նա Գալիլիա եկաւ, գալիլիացիները նրան ընդունեցին, որովհետեւ նրանք եւս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղէմում՝ տօնի ժամանակ, քանի որ նրանք էլ էին եկել տօնին: 46 Յիսուս դարձեալ եկաւ Գալիլիայի Կանա քաղաքը, ուր ջուրը գինու էր վերածել: Պալատական մի պաշտօնատար կար, որի որդին հիւանդ էր Կափառնայումում: 47 Երբ նա լսեց, թէ Յիսուս Հրէաստանից Գալիլիա է եկել, եկաւ նրա մօտ եւ աղաչում էր, որ Կափառնայում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մերձիմահ էր: 48 Յիսուս նրան ասաց. «Եթէ նշաններ եւ զարմանալի գործեր չտեսնէք, չէք հաւատում»: