ArmenianEastern(i)
3 Որոշ ժամանակ անց Կայէնը երկրի բարիքներից ընծայ բերեց Աստծուն, 4 իսկ Աբէլը բերեց իր ոչխարների առաջնեկներից ու գէրերից: Աստուած բարի աչքով նայեց Աբէլին ու նրա ընծաներին, 5 իսկ Կայէնի ու նրա ընծաների վրայ ուշադրութիւն չդարձրեց: Կայէնը շատ տրտմեց, նրա դէմքը մռայլուեց: 6 Տէր Աստուած Կայէնին ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլուեց դէմքդ: 7 Չէ՞ որ եթէ արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատուել, դու ի վիճակի ես այն յաղթահարելու»: 8 Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ»: Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ սպանեց նրան: 9 Տէր Աստուած հարցրեց Կայէնին. «Ո՞ւր է քո եղբայր Աբէլը»: Սա պատասխանեց. «Չգիտեմ, մի՞թէ ես իմ եղբօր պահակն եմ»: 10 Աստուած ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբօր արեան կանչը երկրից բողոքում է ինձ: 11 Արդ, անիծեալ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար: 12 Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանայ քեզ տալ իր արդիւնքը: Ահ ու դողի եւ երերման մէջ պիտի լինես երկրի վրայ»: 13 Կայէնն ասաց Աստծուն. «Գործած մեղքս մեծ է թողութեան արժանի լինելու համար: 14 Եթէ այսօր ինձ հանես երկրից, ես կը թաքնուեմ քեզնից, ահ ու դողի եւ երերման մէջ կը լինեմ երկրի վրայ, եւ ով հանդիպի, կը սպանի ինձ»: