ArmenianEastern(i)
25 Յովսէփն ասաց փարաւոնին. «Փարաւոնի տեսած երազները մէկ իմաստ ունեն. Աստուած փարաւոնին յայտնել է այն, ինչ անելու է: 26 Եօթը գեղեցիկ երինջները եօթը տարի են նշանակում, եւ եօթը գեղեցիկ հասկերը նոյնպէս եօթը տարի են նշանակում: Փարաւոնի տեսած երազները մէկ իմաստ ունեն: 27 Դրանցից յետոյ ելած տգեղ ու վտիտ եօթը երինջները եօթը տարի են նշանակում, իսկ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը նշանակում են, որ եօթը տարի սով է լինելու: 28 Փարաւոնին ասածիս իմաստն այն է, որ Աստուած փարաւոնին յայտնել է այն, ինչ անելու է: 29 Ահա ողջ Եգիպտացիների երկրում լինելու են բերքառատ եօթը տարիներ: 30 Դրանցից յետոյ կը գան սովի եօթը տարիներ, եւ կը մոռացուի երկրում եղած բերքի առատութիւնը: 31 Սովը կը սպառի երկիրը, եւ մարդիկ չեն իմանայ բերքի առատութիւնը դրան յաջորդող սովի պատճառով, քանի որ սովը շատ սաստիկ է լինելու: 32 Փարաւոնի երազի երկու անգամ կրկնուելը վկայում է, որ Աստծու խօսքը հաստատապէս կատարուելու է, եւ Աստուած չի յապաղի այն ի կատար ածելուց: