ArmenianEastern(i)
7 Այս բոլորից յետոյ նրա տիրոջ կինն իր աչքը գցեց Յովսէփի վրայ ու ասաց նրան. «Պառկի՛ր ինձ հետ»: 8 Բայց նա մերժեց՝ իր տիրոջ կնոջն ասելով, թէ՝ «Եթէ իմ տէրը իր տան ողջ ունեցուածքը վստահել է ինձ, 9 եւ այս տանը ինձնից աւելի մեծ մարդ չկայ, ու ինձ ոչինչ չի արգելուած, քեզնից բացի, որովհետեւ նրա կինն ես, ապա ես ինչպէ՞ս կարող եմ անել այդ չար ու սոսկալի բանը եւ մեղանչել Աստծու առաջ»: 10 Թէեւ նա ամէն օր այդ մասին էր խօսում Յովսէփի հետ, բայց Յովսէփը չէր համաձայնում պառկել նրա հետ, ոչ իսկ մօտենալ նրան: 11 Այնպէս պատահեց, որ մի օր Յովսէփը իր ինչ-որ գործով տուն մտաւ: Ընտանիքի անդամներից ոչ ոք չկար տանը: 12 Կինը բռնեց նրա շորերից ու ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»: Յովսէփը թողնելով իր շորերը նրա ձեռքում՝ դուրս փախաւ: 13 Երբ կինը տեսաւ, որ նա շորերը իր ձեռքում թողած դուրս է փախել, տան անդամներին կանչելով՝ ասաց. 14 «Տեսէ՛ք, ամուսինս եբրայեցի ծառայ բերեց տուն, որ մեզ խայտառակ անի: Նա, մտնելով իմ սենեակը, ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»: Ես բարձրաձայն աղաղակեցի, 15 իսկ նա, լսելով իմ բարձրաձայն աղաղակը, շորերն ինձ մօտ թողած՝ փախաւ, գնաց դուրս»: 16 Նա շորերը պահեց մօտը մինչեւ ամուսինը տուն եկաւ, նրա հետ խօսեց այս բաները՝ ասելով, թէ՝ 17 «Սենեակս մտաւ քո բերած եբրայեցի ծառան, որպէսզի խայտառակի ինձ: Նա ասաց՝ «Պառկի՛ր ինձ հետ»: 18 Իսկ երբ լսեց, որ ձայնս բարձրացրի, շորերն ինձ մօտ թողած՝ փախաւ, գնաց դուրս»: 19 Երբ տէրը լսեց իր կնոջ պատմածը, թէ՝ «Այսպէս վարուեց ինձ հետ քո ծառան», խիստ բարկացաւ: 20 Յովսէփի տէրը բռնեց ու բանտ նետեց նրան, այնտեղ, ուր արքունի կալանաւորներ էին բանտարկուած: 21 Բայց Աստուած Յովսէփի հետ էր. նա ողորմութիւն պարգեւեց նրան, եւ այնպէս արեց, որ նա բանտապետի բարեհաճութեանն արժանանայ: 22 Բանտապետը բանտն ու բանտում եղած բոլոր կալանաւորներին վստահեց Յովսէփին: Եւ ինչ էլ որ լինում էր այնտեղ, նա էր անողը: 23 Բանտապետը նրա շնորհիւ բանտի գործերին չէր խառնւում, որովհետեւ ամէն ինչ յանձնուած էր Յովսէփի ձեռքը: Աստուած նրա հետ էր, եւ ինչ էլ որ ինքն անում էր, Տէրը յաջողութիւն էր տալիս նրան: