Exodus 36:8-37:9

ArmenianEastern(i) 8 Գործի ընդունակ բոլոր մարդիկ արհեստաւորների հետ նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի ու կրկնակի կարմիր կտաւից պատրաստեցին տասշերտանի խորանը, այն զարդարեցին ասեղնագործ քերովբէներով: 9 Մէկ շերտի երկարութիւնը քսանութ կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Բոլոր շերտերի չափսը նոյնն էր: 10 Հինգ շերտերը միացուած էին միւս հինգ շերտերին, իսկ միւս հինգ շերտերն էլ միացուած էին միւս հնգին: 11 Նա կապոյտ ճարմանդներ դրեց մի շերտի եզրին՝ միացման տեղում: 12 Նոյնն արեց միացուող երկրորդ շերտի արտաքին կցուածքի վրայ: 13 Յիսուն ճարմանդ դրեց մի շերտի եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի կողմից, որպէսզի ճարմանդներից իւրաքանչիւրը միանայ միւսին: Պատրաստեց ոսկէ յիսուն օղակներ եւ դրանցով շերտերը միացրեց միմեանց: Ստացուեց մի խորան: 14 Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկեր պատրաստեց. տասնմէկ շերտից շինեց դրանք: 15 Մէկ շերտի երկարութիւնը երեսուն կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Տասնմէկ շերտերի չափսը նոյնն էր: 16 Հինգ շերտերը միացրեց առանձին, եւ վեց շերտերն էլ՝ առանձին: 17 Միացման տեղում, շերտերի եզրին դրեց յիսուն ճարմանդ եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի եզրին: 18 Պատրաստեց յիսուն պղնձէ օղակներ, եւ դրանք իրար կցեց, որ վրանը միակտուր դառնայ: 19 Խորանի ծածկը պատրաստեց խոյերի կարմիր ներկուած մորթիներից, իսկ կապոյտ մորթուց պատրաստուած ծածկը դրեց վերին կողմից: 20 Խորանի երկու մոյթերը պատրաստեց կարծր փայտից եւ դրեց ուղղահայեաց դիրքով: 21 Մէկ մոյթի երկարութիւնը տասը կանգուն էր, իսկ հաստութիւնն ու լայնութիւնը՝ մէկուկէս կանգուն: 22 Ամէն մի մոյթի վրայ դրեց իրար ագուցուած երկու ծղնի: Այդպէս պատրաստեց նաեւ խորանի բոլոր մոյթերը: 23 Խորանի համար մոյթեր պատրաստեց. քսան մոյթ դրեց հարաւային կողմում եւ այդ քսան մոյթերի համար պատրաստեց քառասուն խարիսխ. 24 մէկ մոյթի երկու կողմերի համար՝ երկու խարիսխ եւ միւս մոյթի երկու կողմերի համար էլ՝ երկու խարիսխ: 25 Վրանի երկրորդ՝ հիւսիսային կողմի համար պատրաստեց քսան մոյթ 26 եւ արծաթէ քառասուն խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ միւս մոյթի համար էլ՝ երկու խարիսխ: 27 Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում դրեց վեց մոյթ 28 եւ երկու մոյթ էլ դրեց վրանի անկիւններին՝ յետեւի կողմից: 29 Ներքեւի կողմից նրանք իրար հաւասար էին: Նոյն ձեւով հաւասար էին գլխի՝ իրար միացուած կողմից: Նոյն ձեւով շինեց նաեւ երկու անկիւնների մոյթերը: 30 Այսպիսով ստացուեց ութ մոյթ: Դրանց խարիսխներն արծաթից էին, ընդամէնը տասնվեց խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ երկու խարիսխ էլ՝ միւս մոյթի համար: 31 Կարծր փայտից նիգեր պատրաստեց. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մի մոյթի համար, 32 հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար, եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար: 33 Մէջտեղի նիգը մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացնելով՝ միացրեց իրար: 34 Երկու մոյթերը պատեց ոսկով: Ոսկուց պատրաստեց նրանց երկու օղակները, որոնց մէջ մտնում էին նիգերը: Նիգերը պատեց ոսկով: 35 Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր պատրաստեց: Այն զարդարեց ասեղնագործուած քերովբէով 36 եւ ամրացրեց կարծր փայտից շինուած չորս մոյթերի վրայ: Դրանց խոյակները ոսկուց էին, իսկ չորս խարիսխները՝ արծաթից: 37 Վկայութեան խորանի դռան առագաստը պատրաստեց կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից՝ վրան ասեղնագործուած քերովբէ: 38 Շինեց խորանի հինգ մոյթերն ու դրանց օղակները, դրանց խոյակները պատեց ոսկով: Դրանց պղնձէ խարիսխները հինգն էին:37 1 Բեսելիէլը տապանակը կառուցեց կարծր փայտից. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա բարձրութիւնը: Այն ներսից ու դրսից պատեց ոսկով, 2 դրա վրայ շուրջանակի ոսկէ պսակ շինեց: 3 Չորս ոսկէ օղակներ ձուլեց դրա չորս կողմերի համար. երկու օղակներ՝ մի կողմից, եւ երկու օղակներ՝ միւս կողմից: Դրանք հագցրեց լծակներին: 4 Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով: 5 Լծակները տապանակի կողքերից մտցրին օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն այն: 6 Տապանակի կափարիչը պատրաստեցին մաքուր ոսկուց. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը: 7 Կափարիչի երկու ծայրերի երկու քերովբէները պատրաստեց ոսկուց. կատարեալ մի գործ շինեց դրանք: 8 Մի քերովբէն դրուած էր կափարիչի մի ծայրին, իսկ միւս քերովբէն՝ կափարիչի միւս ծայրին: Երկու քերովբէները միաձոյլ էին կափարիչի երկու ծայրերի հետ: 9 Քերովբէները դէպի վեր էին տարածել իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի էին անում կափարիչի վրայ: Կափարիչի վրայ քերովբէների դէմքերը իրար դէմ դիմաց էին: