Exodus 32:1-5

ArmenianEastern(i) 1 Ժողովուրդը տեսնելով, որ Մովսէսն ուշացաւ լեռից իջնելու, հաւաքուեց Ահարոնի մօտ ու ասաց նրան. «Դե՛հ, մեզ առաջնորդող աստուածներ ստեղծի՛ր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ եղաւ այն մարդը՝ Մովսէսը, որ մեզ Եգիպտոսից դուրս բերեց»: 2 Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանեցէ՛ք ոսկէ գինդերը եւ բերէ՛ք ինձ»: 3 Բոլորը իրենց ականջներից հանեցին ոսկէ գինդերը եւ բերեցին տուեցին Ահարոնին: 4 Ահարոնը դրանք առնելով նրանցից՝ կաղապարի մէջ ձուլեց եւ կերտեց ձուլածոյ մի հորթ: Նրանք ասացին. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»: 5 Երբ Ահարոնն այդ տեսաւ, կուռքի առաջ զոհասեղան շինեց: Ահարոնը յայտարարեց. «Վաղը Տիրոջ տօնն է»: