ArmenianEastern(i)
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Ես, ահա, Յուդայի ազգից ընտրեցի Բեսելիէլին, որը որդին է Ուրիի, իսկ սա՝ որդին Ովրի: 3 Ես նրան լցրի ամէն գործի համար անհրաժեշտ գիտութեան, հանճարի եւ իմաստութեան աստուածային ոգով, 4 որպէսզի նա մտածի ու ստեղծագործի, 5 որպէսզի մշակի ոսկին, արծաթն ու պղինձը, մանի կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւը, զբաղուի արհեստի կատարելութիւն հանդիսացող ակնագործութեամբ, նաեւ ատաղձագործութեամբ, որ գործի դնի ամէն մի արհեստ: 6 Ահա ես նրան օգնական եմ տալիս Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին: Ամէն մի ուշիմ մարդու հոգու մէջ դրի շնորհ, որպէսզի անի այն, ինչ պատուիրել եմ քեզ, այսինքն՝ 7 պատրաստի վկայութեան խորանը, կտակարանների տապանակն ու նրա կափարիչը, խորանի ամբողջ սպասքն ու զոհարանը, 8 զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա բոլոր զարդերը, խնկարկութեան սեղանը, 9 ողջակէզների սեղանն ու նրա բոլոր մասերը, աւազանն ու նրա պատուանդանը, 10 ծիսակատարութեան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների՝ ինձ համար քահանայութիւն անելու զգեստները, 11 օծութեան իւղն ու սրբարանի խնկի համեմունքները: Այս բոլորը, ինչ մի անգամ պատուիրել եմ քեզ, կը պատրաստես»: 12 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Իսրայէլի որդիներին հաղորդի՛ր հետեւեալը. «Զգո՛յշ եղէք, պահեցէ՛ք իմ շաբաթ օրերը, 13 որովհետեւ դա ձեր սերնդի մէջ իմ ու ձեր միջեւ դրուած պայմանն է, որպէսզի ճանաչէք, թէ ե՛ս եմ ձեզ սրբագործող Տէրը: 14 Կը պահէք շաբաթ օրերը, որովհետեւ Տիրոջ եւ ձեզ համար դա սրբութիւն է: Ով այն պղծի, թող մահուան դատապարտուի: Ամէն ոք, ով այդ օրը գործ կ՚անի, թող վերանայ իր ժողովրդի միջից: 15 Վեց օր գործ կ՚անես, իսկ եօթներորդ օրը Տիրոջ սուրբ հանգստեան շաբաթ օրն է: Ով որ շաբաթ օրը գործ կ՚անի, թող մահուան դատապարտուի: 16 Իսրայէլի որդիները թող պահեն շաբաթ օրերը, որպէսզի դրանք ձեր սերնդի մէջ ի կատար ածուեն որպէս յաւիտենական ուխտ 17 իմ ու Իսրայէլի որդիների միջեւ: Դա իմ յաւիտենական պայմանն է, որովհետեւ Տէրը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ եօթներորդ օրը դադար տուեց եւ հանգստացաւ»: 18 Երբ Աստուած Սինա լերան վրայ աւարտեց իր խօսքը, Մովսէսին տուեց վկայութեան երկու տախտակները՝ Աստծու մատով գրուած քարէ տախտակները: