Exodus 30:22-38

ArmenianEastern(i) 22 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 23 «Վերցրո՛ւ անուշահոտ համեմունքներ. զմռնենու հինգ հարիւր սիկղ ընտիր ծաղիկներ, դրա կէսի չափ՝ երկու հարիւր յիսուն սիկղ անուշաբոյր կինամոն, երկու հարիւր յիսուն սիկղ անուշաբոյր խնկեղէգ, 24 հինգ հարիւր սիկղ սրբարանի հիրիկ եւ ձիթապտղի շուրջ վեց լիտր ձէթ: 25 Դրանցից կը պատրաստես սուրբ օծութեան համար իւղ այնպէս, ինչպէս վարպետ իւղագործները ձէթ են պատրաստում: Այն սուրբ օծութեան համար իւղ թող լինի: 26 Դրանով կ՚օծես վկայութեան խորանը, վկայութեան տապանակը, 27 զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկութեան սեղանը, 28 ողջակէզների սեղանն ու նրա ամբողջ սպասքը, աւազանն ու նրա պատուանդանը: 29 Կը սրբագործես դրանք, եւ դրանք կը լինեն սրբութիւնների սրբութիւն: Ամէն ոք, որ դիպչի դրան, կը մաքրուի: 30 Կ՚օծես Ահարոնին ու նրա որդիներին, կը սրբագործես նրանց, որպէսզի նրանք ինձ համար քահանայութիւն անեն: 31 Կը խօսես Իսրայէլի որդիների հետ ու կ՚ասես. «Այս իւղը ձեր սերունդների մէջ ձեր սուրբ օծութեան համար թող լինի: 32 Մարդու մարմնին թող չքսուի այն: Ձեզ համար նոյն բաղադրութեամբ նման բան չպատրաստէք, որովհետեւ դա սրբութիւն է եւ ձեզ համար սրբութիւն էլ թող մնայ: 33 Ով այդպիսի բան պատրաստի, եւ ով դրանից օտարականի տայ, թող վերանայ իր ժողովրդի միջից»: 34 Տէրն ասաց Մովսէսին. «Վերցրո՛ւ անուշաբոյր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, անուշաբոյր քաղբան եւ մաքուր կնդրուկ: Դրանք թող քաշով իրար հաւասար լինեն: 35 Դրանք իրար խառնելով՝ մաքուր, սուրբ խունկ կը պատրաստես, ինչպէս վարպետ իւղագործներն են պատրաստում: 36 Դրանք մանր կ՚աղաս եւ կը դնես վկայութեան դիմաց՝ վկայութեան խորանի մէջ, ուր պիտի երեւամ քեզ: Ձեր պատրաստած այդ խունկը ձեզ համար սրբութիւնների սրբութիւն թող լինի: 37 Ձեզ համար նոյն բաղադրութեամբ խունկ մի՛ պատրաստէք, որովհետեւ դա ձեզ համար սրբութիւն պիտի լինի Տիրոջ առաջ: 38 Այն մարդը, որ հոտոտելու համար այս բաղադրութեամբ խունկ կը պատրաստի, կը վերանայ իր ժողովրդի միջից»: