2 Samuel 12:1 Cross References - ArmenianEastern
Matthew 21:33-45
33 «Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր:34 Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն:35 Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին:36 Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները: Եւ սրանց էլ նոյնն արեցին:37 Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերեւս իմ այս որդուց ամաչեն:38 Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականացնենք:39 Եւ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս եւ սպանեցին:40 Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կ՚անի»:41 Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ՚ոչնչացնի եւ այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»:42 Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է:43 Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն:44 Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»:45 Երբ քահանայապետները եւ օրէնսգէտներ ու փարիսեցիներ նրա առակները լսեցին, իմացան, որ իրենց համար ասաց:
Luke 15:11-32
11 Եւ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր.12 նրանցից կրտսերը հօրն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը»: Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց:13 Քիչ օրեր յետոյ, կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում:14 Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ:15 Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու:16 Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս:17 Ապա խելքի եկաւ եւ ասաց. «Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ:18 Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ19 եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը»:20 Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ եւ վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան:21 Եւ որդին ասաց նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու»:22 Հայրը իր ծառաներին ասաց. «Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէ՛ք նրան, մատանին նրա մատը դրէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ.23 բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք,24 որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց». եւ սկսեցին ուրախանալ:25 Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը.26 եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ի՞նչ է:27 Եւ սա նրան ասաց. «Քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան»:28 Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան:29 Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի:30 Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»:31 Հայրը նրան ասաց. «Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է.32 բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»:
Luke 16:19-31
19 «Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում եւ ամէն օր առատապէս ուրախութիւն էր անում:20 Եւ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վէրքերով ծածկուած:21 Եւ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափւում էին մեծահարուստի սեղանից: Եւ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վէրքերը:22 Երբ աղքատը մեռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռաւ եւ թաղուեց:23 Եւ դժոխքում, մինչ սա տանջանքների մէջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռուից տեսաւ Աբրահամին եւ Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած:24 Եւ նա աղաղակեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ եւ ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով եւ զովացնի լեզուս, որովհետեւ այս տապից պապակում եմ»:25 Եւ Աբրահամը նրան ասաց. «Որդեա՛կ, յիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, քո կեանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարւում է, իսկ դու այդտեղ պապակում ես:26 Եւ այս բոլորից բացի, մեծ վիհ կայ մեր եւ ձեր միջեւ. եթէ ուզենան այստեղից ձեզ մօտ անցնել, չեն կարողանայ. ոչ էլ այդտեղից մէկը կարող է մեզ մօտ անցնել»:27 Մեծահարուստն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հօր տունը, -28 որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, - որպէսզի նրանց վկայութիւն տայ, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»:29 Եւ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսէս եւ մարգարէներ, թող նրա՛նց լսեն»:30 Եւ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթէ մեռելներից մէկը նրանց մօտ գնայ, նրանք կ՚ապաշխարեն»:31 Եւ Աբրահամը նրան ասաց. «Եթէ Մովսէսին եւ մարգարէներին չեն լսում, մեռելներից մէկն էլ եթէ յարութիւն առնի, չպիտի համոզուեն»: