ArmenianEastern(i)
10 Եւ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. 11 որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է: 12 Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»: 13 Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. 14 «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ»: 15 Եւ երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիւներն ասացին միմեանց. «Եկէ՛ք գնանք մինչեւ Բեթղեհէմ եւ տեսնենք, թէ ի՛նչ բան է այս եղածը, որ Տէրը մեզ ցոյց տուեց»: 16 Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուած մանկանը: 17 Եւ ճանաչեցին նրան այն խօսքից, որ իրենց ասուել էր մանկան մասին: 18 Եւ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրայ, որ հովիւները ասացին իրենց: 19 Իսկ Մարիամը այս բոլոր ասուածները պահում էր իր մէջ եւ իր սրտում խորհում: