ArmenianEastern(i)
1 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար: 2 Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում: 3 Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում: 4 Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5 մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր: 6 Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7 եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար: 8 Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում: 9 Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան: 10 Եւ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. 11 որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է: 12 Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»: 13 Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. 14 «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ»: