John 5:31-40

ArmenianEastern(i) 31 «Եթէ ես եմ վկայում իմ մասին, իմ վկայութիւնը հաւաստի չէ: 32 Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. եւ դուք գիտէք, որ հաւաստի է այն վկայութիւնը, որ նա վկայեց իմ մասին: 33 Յովհաննէսի մօտ դուք մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտութիւնը: 34 Բայց ես մարդկանցից չէ, որ վկայութիւն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկուէք: 35 Յովհաննէսն էր ճրագը, որ վառուած էր եւ լոյս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լոյսով: 36 Բայց ես աւելի մեծ վկայութիւն ունեմ, քան Յովհաննէսինը. այն գործերը, որ Հայրն ինձ տուեց, որ կատարեմ, այդ նոյն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թէ Հայրն է ուղարկել ինձ: 37 Եւ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն էք երբեւէ լսել եւ ո՛չ էլ նրա երեսն էք տեսել: 38 Եւ ո՛չ էլ նրա խօսքն ունէք ձեր մէջ բնակուած, որովհետեւ, ում նա ուղարկեց, դուք նրան չէք հաւատում: 39 Քննեցէ՛ք Գրքերը, քանի որ կարծում էք, թէ նրանցով յաւիտենական կեանք կ՚ունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետեւ դուք կարծում էք, թէ յաւիտենական կեանք ունէք: 40 Եւ դուք չէք կամենում դէպի ինձ գալ, որպէսզի կեանք ունենաք: