ArmenianEastern(i)
9 Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: 10 Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: 11 Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: 12 Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան: 13 Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին: 14 Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ: 15 Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա՛ է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»: 16 Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. 17 որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան: 18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա՛ յայտնեց Նրան: 19 Եւ Յովհաննէսի վկայութիւնը այս է. երբ հրեաները Երուսաղէմից քահանաներ ու ղեւտացիներ ուղարկեցին նրա մօտ, որպէսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, 20 նա խոստովանեց առանց վարանելու. խոստովանեց, թէ՝ ես Քրիստոսը չեմ: 21 Ու նրան հարցրին՝ իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես: Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ: Իսկ դու մարգարէ՞ն ես: Նա պատասխանեց՝ ո՛չ: 22 Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին: 23 Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն»: 24 Եւ եկողները փարիսեցիների կողմից էին: 25 Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան եւ ոչ էլ մարգարէն»: 26 Յովհաննէսը պատասխան տուեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում, 27 որ գալու է իմ յետեւից, եւ որի կօշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես»: 28 Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Յորդանանի միւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը եւ մկրտում: 29 Հետեւեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դէպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը: 30 Սա՛ է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար: