ArmenianEastern(i)
11 Նոյի կեանքի վեցհարիւրերորդ տարում, երկրորդ ամսի քսանեօթին ժայթքեցին ստորգետնեայ բազում աղբիւրներ, բացուեցին երկնքի ջրվէժները: 12 Երկրի վրայ անձրեւ թափուեց քառասուն օր ու քառասուն գիշեր: 13 Այդ օրը Նոյի հետ տապան մտան Սէմը, Քամը, Յաբէթը՝ Նոյի որդիները, Նոյի կինը եւ նրա որդիների երեք կանայք: 14 Նրանք եւ ամէն տեսակ գազան, ամէն տեսակ անասուն, երկրի վրայ սողացող ամէն տեսակ սողուն եւ ամէն տեսակ թռչուն 15 մտան տապան՝ Նոյի մօտ, երկու-երկու բոլոր այն էակներից, որոնց մէջ կենդանութեան շունչ կար: 16 Տապան մտնող էակները արու եւ էգ էին, ինչպէս պատուիրել էր Աստուած Նոյին: Տէր Աստուած նրա ետեւից փակեց տապանը: 17 Երկրի վրայ քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղաւ: Յորդացաւ ջուրն ու բարձրացրեց տապանը, եւ տապանը կտրուեց գետնից: 18 Ջուրն աւելի ու աւելի վարարեց, ողողեց երկիրը, եւ տապանը լողաց ջրերի վրայ: 19 Ջուրն այնքան սաստկացաւ երկրի վրայ, որ ծածկեց երկնքի տակ գտնուող բոլոր բարձրաբերձ լեռները: