Genesis 44:16-34

ArmenianEastern(i) 16 Յուդան ասաց. «Ի՞նչ պատասխան տանք մեր տիրոջը, ի՞նչ ասենք կամ ինչպէ՞ս արդարանանք: Աստուած բռնեց քո ծառաների գործած յանցանքը: Արդ, ահա մեր տիրոջ ստրուկներն ենք ե՛ւ մենք, ե՛ւ նա, ում մօտ գտնուեց սկիհը»: 17 Նա ասաց. «Քա՛ւ լիցի, ես այդպիսի բան չեմ անի: Այն մարդը, որի մօտ գտնուել է սկիհը, նա՛ թող լինի իմ ստրուկը, իսկ դուք ողջ ու անվնաս գնացէ՛ք ձեր հօր մօտ»: 18 Յուդան, մօտենալով նրան, ասաց. «Աղաչում եմ, տէ՛ր, թո՛յլ տուր, որ քո ծառան մի բան ասի քո առաջ: Մի՛ բարկացիր քո ծառայի վրայ, որովհետեւ փարաւոնից յետոյ դո՛ւ ես: 19 Տէ՛ր, դու հարցրեցիր քո ծառաներին եւ ասացիր, թէ՝ «Հայր կամ եղբայր ունէ՞ք»: 20 Եւ մենք պատասխանեցինք մեր տիրոջը. «Ունենք տարիքն առած մի հայր եւ մի կրտսեր եղբայր, որ նա ունեցել է ծեր տարիքում: Սրա եղբայրը մեռել է, եւ սա մնացել է իր մօր միակ որդին, եւ հայրը սիրում է նրան»: 21 Դու քո ծառաներին ասացիր. «Նրան բերէ՛ք ինձ մօտ, եւ ես կը հոգամ նրա մասին«: 22 Մենք ասացինք մեր տիրոջը. «Երեխան չի կարող բաժանուել իր հօրից, որովհետեւ եթէ բաժանուի իր հօրից, հայրը կը մեռնի»: 23 Դու ասացիր քո ծառաներին. «Եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, չհամարձակուէք երեւալ իմ աչքին»: 24 Երբ մենք գնացինք քո ծառայի՝ մեր հօր մօտ եւ յայտնեցինք նրան մեր տիրոջ խօսքերը, 25 մեր հայրն ասաց. «Նորից գնացէ՛ք եւ մի քիչ պարէն գնեցէ՛ք»: 26 Մենք ասացինք. «Չենք կարող այնտեղ իջնել, եթէ մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չիջնի: Մենք միայն այդ պայմանով կ՚իջնենք: Եթէ մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի, ապա այդ մարդուն ներկայանալ չենք կարող»: 27 Քո ծառան՝ մեր հայրը, մեզ ասաց. «Դուք ինքներդ էլ գիտէք, որ իմ կին Ռաքէլն ինձ համար երկու որդի ծնեց: 28 Մէկը տնից հեռացաւ, եւ դուք ասացիք, թէ նա գազանի բաժին դարձաւ: Նրան այլեւս չեմ տեսել մինչեւ հիմա: 29 Արդ, եթէ սրան էլ տանէք իմ մօտից, եւ ճանապարհին նա հիւանդանայ, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կ՚իջեցնէք»: 30 Արդ, եթէ մենք գնանք քո ծառայի՝ մեր հօր մօտ, եւ պատանին մեզ հետ չլինի, ապա մեր հօր կեանքը կախուած կը լինի սրա կեանքից: 31 Այնպէս որ, եթէ նա այդ երեխային մեզ հետ չտեսնի, կը մեռնի, եւ մենք՝ քո ծառաները, քո ծառային՝ մեր հօրը, ծեր հասակում խոցուած սրտով գերեզման կ՚իջեցնենք: 32 Ես՝ քո ծառան, այդ մանկանն իր հօրից ստացել եմ իմ երաշխաւորութեամբ: Ես ասել եմ. «Եթէ նրան չվերադարձնեմ ու չներկայացնեմ քեզ, ապա իմ ամբողջ կեանքում թող յանցաւոր լինեմ հօրս առաջ»: 33 Արդ, այս մանկան փոխարէն ես՝ քո ծառան, լինեմ իմ տիրոջ ստրուկը, իսկ պատանին թող գնայ իր եղբայրների հետ: 34 Որովհետեւ ինչպէ՞ս կարող եմ իմ հօրը ներկայանալ, եթէ այս պատանին մեզ հետ չլինի: Թող ես չտեսնեմ այն դժբախտութիւնը, որ հօրս է վիճակուելու»: