ArmenianEastern(i)
58 Նրանք կանչեցին Ռեբեկային ու հարցրին. «Կը գնա՞ս այս մարդու հետ»: Նա պատասխանեց. «Կը գնամ»: 59 Նրանք ճանապարհեցին իրենց քոյր Ռեբեկային իր ունեցուածքով, ինչպէս նաեւ Աբրահամի ծառային ու նրանց, ովքեր նրա հետ էին: 60 Նրանք օրհնելով Ռեբեկային՝ ասացին նրան. «Քո՛յր մեր, հազար ու բիւր դառնաս: Քո յետնորդները թող տիրանան քո թշնամիների քաղաքներին»: 61 Ռեբեկան ու իր նաժիշտները վեր կացան, նստեցին ուղտերի վրայ եւ այդ մարդու հետ ճանապարհ ընկան: Ծառան Ռեբեկային առնելով գնաց: 62 Իսահակը եկել էր անապատ՝ Տեսիլքի ջրհորի մօտ, որովհետեւ բնակւում էր երկրի հարաւային կողմում: 63 Իսահակը երեկոյեան ելաւ դաշտ՝ զբօսնելու: Նա իր աչքերը բարձրացնելով՝ տեսաւ, որ գալիս են տասը ուղտեր: 64 Աչքերը վեր բարձրացրեց նաեւ Ռեբեկան եւ տեսաւ Իսահակին: Նա անմիջապէս իջաւ ուղտից 65 եւ հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ դաշտում մեզ ընդառաջ է գալիս»: Ծառան պատասխանեց. «Նա իմ տէրն է»: Ռեբեկան առաւ քողն ու գցեց իր վրայ: 66 Ծառան Իսահակին պատմեց այն ամէնը, ինչ արել էր ինքը: 67 Իսահակը մտաւ իր մօր՝ Սառայի տունը, առաւ Ռեբեկային, եւ սա դարձաւ նրա կինը: Իսահակը սիրեց նրան եւ մխիթարուեց իր մօր՝ Սառայի սգից: