Genesis 24:15-24

ArmenianEastern(i) 15 Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խօսքը, երբ եկաւ Ռեբեկան, որը Աբրահամի եղբայր Նաքորի Մեղքա կնոջ որդի Բաթուէլի դուստրն էր: Նա ուսին սափոր ունէր: 16 Կոյսը դէմքով շատ գեղեցիկ էր, մի աղջիկ, որին դեռ տղամարդ չէր մօտեցել: Նա իջաւ աղբիւրի մօտ, լցրեց իր սափորն ու ելաւ: 17 Ծառան ընդառաջ գնաց նրան ու ասաց. «Այդ սափորից ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմելու»: 18 Նա պատասխանեց. «Խմի՛ր, տէ՛ր»: Նա իր սափորը փութով իջեցրեց իր թեւերի վրայ, 19 ջուր տուեց նրան, մինչեւ որ դադարեց խմելուց: Ապա աւելացրեց. «Քո ուղտերի համար էլ ջուր կը հանեմ, այնքան, որ բոլորն էլ յագենան»: 20 Նա սափորի ջուրն իսկոյն թափեց գուռի մէջ եւ նորից գնաց ջրհորը՝ ջուր հանելու: Նա նրա բոլոր ուղտերի համար ջուր հանեց: 21 Մարդն ուշադիր հետեւում էր նրան ու լուռ մտածում, թէ Տէրը կը յաջողեցնի՞ իր գործը, թէ՞ ոչ: 22 Երբ բոլոր ուղտերը յագեցան, մարդը նրան տուեց ոսկէ գինդեր՝ իւրաքանչիւրը մէկ դահեկանի քաշով, եւ տասը դահեկանի քաշով երկու ապարանջան դրեց նրա ձեռքերին: 23 Նա հարցրեց նրան ու ասաց. «Ու՞մ դուստրն ես դու, յայտնի՛ր ինձ, քո տանը մեզ համար իջեւանելու տեղ կա՞յ»: 24 Սա պատասխանեց նրան. «Ես Մեղքայի եւ Նաքորի որդի Բաթուէլի դուստրն եմ»: