Genesis 9:15-29

ArmenianEastern(i) 15 Այնժամ ես կը յիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջեւ եւ շնչաւոր բոլոր էակերի միջեւ: Այլեւս ջրհեղեղ չի լինի, որպէսզի բոլոր էակները չոչնչանան: 16 Թող իմ ծիածանը լինի ամպերի մէջ, որպէսզի ես տեսնեմ այն եւ յիշեմ իմ ու երկրի վրայ գտնուող բոլոր շնչաւոր էակների միջեւ իմ հաստատած յաւիտենական ուխտը»: 17 Տէր Աստուած ասաց Նոյին. «Այս է նշանն այն ուխտի, որ հաստատեցի իմ ու ձեր միջեւ եւ երկրի վրայ գտնուող բոլոր էակների միջեւ»: 18 Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սէմը, Քամը եւ Յաբէթը: Քամը Քանանի հայրն էր: 19 Այս երեքն էին Նոյի որդիները, եւ ժողովուրդները սրանցից սերուելով տարածուեցին ողջ երկրի վրայ: 20 Նոյը՝ հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց եւ այգի տնկեց: 21 Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր տան մէջ: 22 Քամը՝ Քանանի հայրը, տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին: 23 Սէմն ու Յաբէթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին եւ, յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը: Նրանք մէջքով էին կանգնած, այնպէս որ իրենց հօր մերկութիւնը չտեսան: 24 Նոյը սթափուելով գինովութիւնից՝ իմացաւ, թէ ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին, 25 եւ ասաց. «Անիծեալ լինի ստրուկ Քանանը եւ իր եղբայրների ծառան թող լինի»: 26 Նա աւելացրեց. «Օրհնեալ լինի Տէր Աստուած՝ Սէմի Աստուածը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան: 27 Աստուած թող բարգաւաճեցնի Յաբէթին, նա թող բնակուի Սէմի տանը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան»: 28 Ջրհեղեղից յետոյ Նոյը ապրեց երեք հարիւր յիսուն տարի: 29 Նոյը ինը հարիւր յիսուն տարի ապրելուց յետոյ մեռաւ: