ArmenianEastern(i)
35 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի: 36 Բայց ես ձեզ ասել եմ, թէ ինձ տեսաք եւ չէք հաւատում: 37 Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կը գան ինձ մօտ, եւ ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի. 38 որովհետեւ ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց: 39 Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց: 40 Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»: 41 Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը: 42 Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք: Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»: 43 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջէք իրար մէջ. 44 ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել կը տամ: 45 Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն»: Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ: 46 Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հօրը: 47 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը: 48 Ես եմ կենաց հացը: 49 Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: 50 Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի: 51 Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. 51 թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»: 52 Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին եւ ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»: 53 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ: 54 Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ, 55 քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք: 56 Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ: 57 Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր միջոցով. եւ ով ուտում է ինձ, նա էլ կ՚ապրի իմ միջոցով: 58 Այս է հացը, որ երկնքից է իջած. ոչ այնպէս, ինչպէս մանանան, որը ձեր հայրերը կերան եւ մեռան. ով այս հացն ուտում է, կ՚ապրի յաւիտեան»: 59 Նա այս բաներն ասաց Կափառնայումի մէջ ժողովարանում ուսուցանելիս: 60 Եւ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խօսքը. ո՞վ կարող է այն լսել»: 61 Յիսուս երբ ինքն իրենից իմացաւ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Այդ ձեզ գայթակղեցնո՞ւմ է. 62 իսկ արդ, եթէ տեսնէք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր...»: 63 «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել: Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է եւ կեանք: 64 Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում»: Քանի որ Յիսուս սկզբից գիտէր, թէ ովքեր են նրանք, որ չեն հաւատում, եւ ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. 65 «Դրա համար ձեզ ասացի, թէ ոչ ոք չի կարող գալ ինձ մօտ, եթէ այդ իմ Հօրից տրուած չէ նրան»: 66 Դրա վրայ՝ նրա աշակերտներից շատերը յետ քաշուեցին եւ այլեւս նրա հետ չէին շրջում: 67 Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Միթէ դո՞ւք էլ ուզում էք գնալ»: 68 Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք: Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես: 69 Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»: 70 Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եւ ձեզանից մէկը սատանայ է»: 71 Նա խօսում էր Իսկարիովտացու՝ Սիմոնի որդի Յուդայի մասին, որովհետեւ հէնց նա էր մատնելու նրան. եւ Տասներկուսից մէկն էր:7 1 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր Գալիլիայում, քանի որ չէր կամենում Հրէաստանում շրջել, որովհետեւ հրեայ առաջնորդները ուզում էին սպանել նրան: 2 Հրեաների Տաղաւարահարաց տօնը մօտ էր: 3 Եւ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա՛ Հրէաստան, որպէսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես. 4 որովհետեւ չկայ մէկը, որ թաքուն գործի եւ դեռ ուզենայ իրեն համարձակ ներկայացնել. եթէ այդ գործերն անում ես, ուրեմն յայտնի՛ր քեզ աշխարհին». 5 քանի որ եղբայրներն իսկ դեռեւս չէին հաւատացել նրան: 6 Յիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է: 7 Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետեւ ես վկայում եմ աշխարհի մասին, թէ մարդկանց գործերը չար են: 8 Դուք գնացէ՛ք այդ տօնին, ես այդ տօնին չեմ գնում, որովհետեւ իմ ժամանակը դեռ չի լրացել»: 9 Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ, Գալիլիայում: 10 Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տօնին, բայց ոչ յայտնապէս, այլ՝ թաքուն: 11 Իսկ հրեաները նրան փնտռում էին այդ տօնի ժամանակ եւ ասում էին՝ ո՞ւր է նա: 12 Եւ ժողովրդի բազմութեան մէջ նրա մասին քրթմնջիւն կար. ոմանք ասում էին՝ լաւն է, ուրիշներ ասում էին՝ չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է: 13 Եւ հրեայ առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խօսում: 14 Տօնակատարութեան կէսին Յիսուս տաճար ելաւ եւ ուսուցանում էր: 15 Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս գիտէ Գրուածքները, քանի որ բնաւ չի սովորել»: 16 Յիսուս նրանց պատասխան տուեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց: 17 Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կ՚իմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում: 18 Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտռում, իսկ ով փնտռում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մէջ սուտ բան չկայ: 19 Օրէնքը ձեզ Մովսէսը չտուե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրէնքը չի կատարում: 20 Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել»: Ժողովուրդը պատասխան տուեց ու ասաց. «Քո մէջ դեւ կայ, ո՞վ է ուզում քեզ սպանել»: 21 Յիսուս պատասխան տուեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, եւ ամէնքդ զարմացել էք: 22 Մովսէսը դրա համար ձեզ տուեց թլփատութիւնը (թէեւ այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից): 23 Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում: Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի Օրէնքը չխախտուի, իմ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի: 24 Աչքներիդ երեւացածի պէս մի՛ դատէք, այլ ուղի՛ղ դատաստան արէք»: 25 Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել: 26 Իսկ ահաւասիկ բացայայտօրէն խօսում է, եւ դրան բան չեն ասում. գուցէ արդարեւ իշխանաւորներն էլ ճանաչեցին, թէ սա՛ է Քրիստոսը: 27 Բայց մենք սրան գիտենք, թէ որտեղից է. իսկ Քրիստոս երբ որ գայ, ոչ ոք չի գիտենայ, թէ որտեղից է»: 28 Յիսուս աղաղակեց տաճարի մէջ, ուսուցանում էր եւ ասում. «Ե՛ւ ինձ գիտէք, ե՛ւ գիտէք որտեղից եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չգիտէք: 29 Ես գիտեմ նրան, որովհետեւ նրանից իսկ եմ, եւ նա՛ ուղարկեց ինձ»: 30 Ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց, որովհետեւ նրա ժամանակը դեռ չէր հասել: 31 Սակայն բազմութեան միջից շատերը հաւատացին նրան եւ ասում էին. «Երբ Քրիստոսը գայ, միթէ աւելի՞ նշաններ պիտի անի, քան սա է անում»: 32 Եւ փարիսեցիները նրա մասին ժողովրդի մէջ եղած քրթմնջիւնները լսեցին. եւ քահանայապետներն ու փարիսեցիները սպասաւորներ ուղարկեցին, որպէսզի բռնեն նրան: 33 Յիսուս ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ եւ ապա գնում եմ նրա մօտ, ով ինձ ուղարկեց: 34 Ինձ կը փնտռէք եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»: 35 Հրեայ առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ դա ո՞ւր պիտի գնայ, որ մենք դրան չգտնենք. միթէ հեթանոսների մէջ ցրուած հրեաների՞ մօտ պիտի գնայ եւ հեթանոսների՞ն պիտի ուսուցանի: 36 Ի՞նչ է այն խօսքը, որ նա ասաց՝ կը փնտռէք ինձ եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»: 37 Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի: 38 Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: 39 Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր: 40 Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարէն. 41 ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ միթէ Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու. 42 չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր: 43 Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ: 44 Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց: 45 Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»: 46 Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»: 47 Փարիսեցիները ասացին. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորուել: 48 Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատա՞ց նրան, 49 բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»: 50 Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց. 51 «Միթէ մեր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»: 52 Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»: 53 Ապա ամէն ոք իր տունը գնաց: Իսկ Յիսուս գնաց Ձիթենեաց լեռը:8 1 Ապա ամէն ոք իր տունը գնաց: Իսկ Յիսուս գնաց Ձիթենեաց լեռը: 2 Առաւօտեան նորից տաճար եկաւ. ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մօտ, եւ ինքն ուսուցանում էր նրանց: 3 Օրէնսգէտներն ու փարիսեցիները բերեցին շնութեան մէջ բռնուած մի կին եւ նրան մէջտեղ կանգնեցնելով՝ ասացին Յիսուսին. 4 «Յանցանքի մէջ բռնուած այս կինը յայտնապէս շնացել է, 5 իսկ Օրէնքում Մովսէսը մեզ պատուիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»: 6 Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպէսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան: Իսկ Յիսուս, ցած նայելով, մատով գետնի վրայ գրում էր: 7 Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրայ»: 8 Եւ դարձեալ ցած նայելով՝ գետնի վրայ գրում էր: 9 Եւ այս լսելով՝ մէկ առ մէկ ելնում գնում էին՝ տարիքաւորներից մինչեւ փոքրերը: Եւ Յիսուս միայն մնաց ու կինը՝ կանգնած նրա առաջ: 10 Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»: 11 Եւ սա ասաց՝ ո՛չ, Տէ՛ր: Եւ Յիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետեւ մի՛ մեղանչիր»: 12 Յիսուս դարձեալ խօսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կ՚ընդունի կենաց լոյսը»: 13 Փարիսեցիները նրան ասացին. «Դու քո անձի մասին ես վկայում, եւ քո վկայութիւնը հաւաստի չէ»: 14 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Թէպէտ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայութիւնը ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ, թէ որտեղից եկայ եւ ուր եմ գնում: Բայց դուք չգիտէք՝ որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում: 15 Դուք ըստ մարմնի էք դատում, ես ոչ ոքի չեմ դատում. 16 թէկուզ եւ մէկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետեւ մենակ չեմ, այլ՝ ես եմ եւ ինձ հետ է նաեւ իմ Հայրը, որ ինձ ուղարկեց: 17 Եւ ձեր օրէնքում իսկ գրուած է, թէ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է: 18 Ես նա եմ, որ վկայում եմ իմ մասին, եւ վկայում է իմ մասին Հայրը, որ ինձ ուղարկեց»: 19 Նրան ասացին. «Ո՞ւր է քո Հայրը»: Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ո՛չ ինձ էք ճանաչում եւ ո՛չ էլ իմ Հօրը. եթէ ինձ ճանաչէիք, թերեւս իմ Հօրն էլ կը ճանաչէիք»: 20 Յիսուս այս խօսքերը խօսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետեւ նրա ժամը դեռ չէր հասել: 21 Յիսուս դարձեալ նրանց ասաց. «Ես գնում եմ, եւ դուք ինձ կը փնտռէք եւ ձեր մեղքերի մէջ կը մեռնէք, քանի որ, ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»: 22 Հրեաները ասացին. «Միթէ անձնասպանութեա՞ն կը դիմի, քանի որ ասում է, թէ՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»: 23 Եւ նրանց ասաց. «Դուք այս ներքեւից էք, իսկ ես՝ այն վերեւից. դուք այս աշխարհից էք, ես այս աշխարհից չեմ: 24 Բայց ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մէջ կը մեռնէք. արդարեւ, եթէ չհաւատաք, որ ես եմ, կը մեռնէք ձեր մեղքերի մէջ»: 25 Նրան ասացին՝ ո՞վ ես դու: Յիսուս նրանց ասաց. «Նա, որ սկզբից եւեթ խօսում էր ձեզ հետ: 26 Շատ բաներ ունեմ ձեր մասին խօսելու եւ դատելու: Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. եւ ես, ինչ որ լսել եմ նրանից, ա՛յն եմ խօսում աշխարհում»: 27 Եւ նրանք չիմացան, թէ Հօր մասին էր ասում իրենց: 28 Յիսուս նրանց ասաց. «Երբ մարդու Որդուն բարձրացնէք, այն ժամանակ պիտի իմանաք, թէ ես եմ. եւ ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ՝ ինչպէս իմ Հայրն ինձ սովորեցրեց, ա՛յն եմ խօսում: 29 Եւ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ միայնակ չթողեց, որովհետեւ ես միշտ անում եմ, ինչ որ նրան է հաճելի»: 30 Երբ այս բաները խօսեց, շատերը հաւատացին նրան: 31 Եւ Յիսուս հաւատացեալ հրեաներին ասաց. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: 32 Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի»: 33 Նրան պատասխանեցին ու ասացին. «Աբրահամի որդիներ ենք եւ երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպէ՞ս ես ասում, թէ՝ ազատ կը լինէք»: 34 Յիսուս պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է: 35 Եւ ծառան յաւիտեան տան մէջ չի մնում, իսկ որդին յաւիտեան մնում է: 36 Իսկ արդ, եթէ Որդին ձեզ ազատի, ճշմարտապէս ազատ կը լինէք: 37 Գիտեմ, որ Աբրահամի որդիներ էք, բայց ուզում էք ինձ սպանել, որովհետեւ իմ խօսքը տեղ չունի ձեր մէջ: 38 Ես խօսում եմ այն, ինչ տեսայ իմ Հօր մօտ, իսկ դուք անում էք, ինչ ձեր հօրից էք լսել»: 39 Նրան պատասխանեցին ու ասացին. «Մեր հայրը Աբրահամն է»: Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աբրահամի որդիներ լինէիք, Աբրահամի գործերը կը գործէիք: 40 Իսկ այժմ ուզում էք սպանել մի մարդու՝ ինձ, որ ձեզ ասացի ճշմարտութիւնը, որը լսել եմ իմ Հօրից. այդպիսի բան Աբրահամը չարեց. 41 դուք ձեր հօր գործերն էք անում»: Նրան ասացին. «Մենք պոռնկութիւնից չենք ծնուել. մեր Հայրը մէկ է՝ Աստուած»: 42 Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աստուած ձեր Հայրը լինէր, ինձ իրապէս կը սիրէիք, որովհետեւ ես Աստծուց ելայ ու եկայ. եւ ոչ թէ ինքս ինձ եկայ, այլ նա՛ ուղարկեց ինձ: 43 Ինչո՞ւ դուք իմ խօսածը չէք հասկանում. որովհետեւ իմ խօսքը չէք կարող լսել: 44 Դուք հօր կողմից սատանայի զաւակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէեւ նա ի սկզբանէ մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չմնաց, որովհետեւ նրա մէջ ճշմարտութիւն չկար: Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է »ւ ստի հայր: 45 Իսկ ես, որ ճշմարտութիւնն եմ ասում, ինձ չէք հաւատում: 46 Ձեզնից ո՞վ կը յանդիմանի ինձ մեղքի համար. եթէ ճշմարիտ եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չէք հաւատում: 47 Ով Աստծուց է, Աստծու խօսքերն է լսում, իսկ դուք չէք լսում նրա համար, որ Աստծուց չէք»: 48 Հրեաները պատասխանեցին եւ ասացին նրան. «Մենք լաւ չե՞նք ասում, թէ՝ սամարացի ես դու, եւ քո մէջ դեւ կայ»: 49 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Իմ մէջ դեւ չկայ, այլ պատւում եմ իմ Հօրը, իսկ դուք անարգում էք ինձ: 50 Ես իմ փառքը չեմ փնտռում. կայ մէկը, որ այն փնտռում է եւ դատում: 51 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ մէկը իմ խօսքը պահի, մահ չի տեսնի յաւիտեան»: 52 Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մէջ դեւ կայ: Աբրահամը մեռաւ, նաեւ՝ մարգարէները, իսկ դու ասում ես, թէ՝ ով իմ խօսքը պահի, յաւիտեան մահ չի ճաշակի: 53 Միթէ դու աւելի մե՞ծ ես, քան մեր հայրը՝ Աբրահամը, որ մեռաւ. մեռան եւ մարգարէները. արդ, դու քեզ ո՞ւմ տեղ ես դնում»: 54 Յիսուս պատասխանեց. «Եթէ ես փառաւորեմ իմ անձը, իմ փառքը ոչինչ է. Հայրն է, որ ինձ փառաւորում է, եւ որի մասին դուք ասում էք, թէ՝ մեր Աստուածն է. 55 ու չէք ճանաչում նրան: Բայց ես ճանաչում եմ նրան. եւ եթէ ասեմ, թէ նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախօս կը լինեմ. բայց ես ճանաչում եմ նրան եւ նրա խօսքը պահում եմ: 56 Աբրահամը՝ ձեր հայրը, ցանկացաւ իմ աշխարհ գալու օրը տեսնել. տեսաւ եւ ուրախացաւ»: 57 Հրեաները նրան ասացին. «Դեռ յիսուն տարեկան չկաս դու եւ Աբրահամի՞ն ես տեսել»: 58 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ե՛մ, նախքան Աբրահամի լինելը»: 59 Նրանք քարեր վերցրին, որ գցեն նրա վրայ, բայց Յիսուս խոյս տուեց եւ տաճարից ելաւ գնաց:9 1 Եւ մինչ անցնում էր, ի ծնէ կոյր մի մարդու տեսաւ. 2 իր աշակերտները հարցրին նրան եւ ասացին. «Ռաբբի՛, մեղքը ո՞ւմն է, որ կոյր է ծնուել, սրա՞նն է, թէ՞ հօրն ու մօրը»: 3 Յիսուս պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է եւ ոչ էլ իր հօր ու մօր, այլ՝ որպէսզի դրա վրայ Աստծու գործերը յայտնի լինեն: 4 Եւ քանի դեռ ցերեկ է, ես պէտք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կը գայ գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել: 5 Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լոյսն եմ»: 6 Երբ այս ասաց, թքեց գետնին եւ թքով կաւ շինեց, եւ կաւը ծեփեց կոյրի աչքերի վրայ ու ասաց նրան. 7 «Գնա՛ լուացուիր Սիլովամի աւազանի մէջ» (որ թարգմանւում է՝ առաքուած): Գնաց լուացուեց, եկաւ եւ տեսնում էր: 8 Իսկ հարեւանները եւ նրանք, որ նախապէս տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէ՞ր, որ նստում էր եւ մուրում»: 9 Ոմանք ասում էին՝ նա է. ուրիշներ ասում էին՝ ո՛չ, բայց նման է նրան: Իսկ ինքն ասում էր՝ ես եմ: 10 Նրան ասացին. «Իսկ ինչպէ՞ս բացուեցին քո աչքերը»: 11 Նա պատասխանեց. «Մի մարդ, որին ասում են՝ Յիսուսն է, կաւ շինեց եւ ծեփեց իմ աչքերը եւ ինձ ասաց. «Գնա՛ Սիլովամ եւ լուացուի՛ր»: Գնացի, լուացուեցի եւ տեսնում եմ»: 12 Նրան ասացին՝ ո՞ւր է նա: Նրանց ասաց՝ չգիտեմ: 13 Նրան, որ մի ժամանակ կոյր էր, բերին փարիսեցիների մօտ 14 (օրը շաբաթ էր, երբ Յիսուս կաւ շինեց եւ կոյրի աչքերը բացեց): 15 Փարիսեցիներն էլ կրկին հարցրին նրան. «Ինչպէ՞ս ես տեսնում»: Եւ նա նրանց ասաց. «Կաւ դրեց աչքերիս վրայ, եւ լուացուեցի ու տեսնում եմ»: 16 Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»: Ոմանք ասում էին. «Իսկ մեղաւոր մի մարդ ինչպէ՞ս կարող է այսպիսի նշաններ կատարել»: Եւ նրանց մէջ պառակտում կար: 17 Դարձեալ կոյրին ասացին. «Դո՛ւ ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա քո աչքերը բացեց»: Եւ նա ասաց՝ մարգարէ է: 18 Եւ հրեաները չէին հաւատում, թէ նա կոյր էր, եւ բացուեց, մինչեւ որ կանչեցին աչքերը բացուածի ծնողներին, 19 հարցրին նրանց ու ասացին. «Սա՞ է ձեր որդին, որի մասին ասում էիք, թէ՝ կոյր ծնուեց. իսկ այժմ ինչպէ՞ս է, որ տեսնում է»: 20 Նրա ծնողները պատասխանեցին եւ ասացին. «Գիտենք, որ սա մեր որդին է, եւ որ կոյր ծնուեց. 21 բայց թէ այժմ ինչպէ՛ս է, որ տեսնում է, չգիտենք, կամ թէ՝ ո՛վ բացեց դրա աչքերը, մենք չգիտենք. հէնց իրե՛ն հարցրէք. ինքն արդէն չափահաս է. իր մասին ինքը թող խօսի»: 22 Նրա ծնողները այսպէս ասացին, որովհետեւ հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդուել էին, որ, եթէ մէկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացուի ժողովարանից: 23 Դրա համար է, որ նրա ծնողներն ասացին. «Ինքն արդէն չափահաս է, հէնց իրե՛ն հարցրէք»: 24 Նորից կրկին անգամ կանչեցին այդ մարդուն, որ կոյր էր, եւ նրան ասացին. «Աստծուն փա՛ռք տուր. մենք գիտենք, որ այն մարդը մեղաւոր է»: 25 Իսկ նա ասաց. «Թէ մեղաւոր է, ես չգիտեմ, բայց այն գիտեմ, որ կոյր էի եւ հիմա տեսնում եմ»: 26 Դարձեալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, քո աչքերը ինչպէ՞ս բացեց»: 27 Նրանց պատասխանեց. «Նոր ձեզ ասացի, եւ չէք լսում, ինչո՞ւ էք ուզում նորից լսել. միթէ դո՞ւք էլ էք կամենում նրան աշակերտել»: 28 Նրանք նախատում էին նրան ու ասում. «Դո՛ւ եղիր նրան աշակերտ. մենք Մովսէսի աշակերտներն ենք: 29 Մենք գիտենք, որ Աստուած Մովսէսի հետ խօսեց. իսկ սրան չգիտենք, թէ որտեղից է»: 30 Մարդը պատասխանեց նրանց եւ ասաց. «Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտէք, թէ նա որտեղից է, եւ սակայն իմ աչքերը բացեց: 31 Գիտենք, որ Աստուած մեղաւորներին չի լսում, բայց եթէ մէկը աստուածապաշտ է եւ նրա կամքը կատարում է, նրան լսում է: 32 Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, թէ մէկը ի ծնէ կոյր ծնուած կոյրի աչքերը բացած լինի: 33 Եթէ այդ մարդը Աստծուց չլինէր, որեւէ բան անել չէր կարող»: 34 Պատասխանեցին եւ ասացին նրան. «Ամբողջովին մեղքի մէջ ես ծնուած եւ դու մեր գլխին վարդապե՞տ ես դարձել»: Եւ նրան դուրս հանեցին: 35 Յիսուս լսեց, թէ նրան դուրս են հանել. եւ երբ նրան գտաւ, ասաց. «Դու Աստծու Որդուն հաւատո՞ւմ ես»: 36 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տէ՛ր, ո՞վ է, որ նրան հաւատամ»: 37 Յիսուս նրան ասաց. «Ե՛ւ տեսար նրան, ե՛ւ նա է, ով խօսում է քեզ հետ»: 38 Ու նա ասաց. «Հաւատում եմ, Տէ՛ր»: Եւ երկրպագեց նրան: 39 Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»: 40 Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Միթէ մե՞նք էլ կոյր ենք»: 41 Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք. եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում»:10 1 «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ աւազակ. 2 իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների: 3 Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում: 4 Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը: 5 Օտարի յետեւից չեն գնայ, այլ կը փախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»: 6 Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր: 7 Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը: 8 Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին: 9 Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կը փրկուի. կը մտնի ու կ՚ելնի եւ ճարակելու բան կը գտնի: 10 Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան: 11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում: 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: 15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար: 16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ: 17 Նրա համար է իմ Հայրն ինձ սիրում, որ ես իմ կեանքն եմ տալիս, որպէսզի վերստին այն առնեմ: 18 Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս. իշխանութիւն ունեմ այն տալու եւ իշխանութիւն ունեմ վերստին այն առնելու. այս պատուէրը իմ Հօրից ստացայ»: 19 Այս խօսքերի պատճառով հրեաների մէջ դարձեալ պառակտում եղաւ: 20 Եւ նրանցից շատերն ասում էին. «Նրա մէջ դեւ կայ եւ մոլեգնում է. ինչո՞ւ էք նրան լսում»: 21 Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիւահարի խօսքեր չեն, միթէ դեւը կարո՞ղ է կոյրի աչքերը բանալ»: 22 Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր: 23 Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ, Սողոմոնի սրահում: 24 Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»: 25 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին: 26 Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. 27 իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. 28 եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի: 29 Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամենքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել: 30 Ես եւ իմ Հայրը մի ենք»: 31 Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն: 32 Յիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրից. դրանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում»: 33 Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար եւ նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»: 34 Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. «Ես ասացի, թէ աստուածներ էք»: 35 Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծու խօսքը (եւ հնարաւոր չէ, որ Գիրքը ջնջուի), 36 ուրեմն՝ ո՛ւմ Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, նրա համար, որ ասացի, թէ՝ Աստծու Որդի եմ: 37 Եթէ իմ Հօր գործերը չեմ անում, ինձ մի՛ հաւատացէք: 38 Իսկ եթէ անում եմ, թէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք, որպէսզի իմանաք եւ ճանաչէք, որ Հայրը իմ մէջ է, եւ ես՝ Հօր մէջ»: 39 Դարձեալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծաւ: 40 Եւ վերստին գնաց Յորդանանի միւս կողմը, այնտեղ, ուր Յովհաննէսն էր նախապէս գտնւում եւ մկրտում. եւ այնտեղ էր մնում: 41 Շատեր նրա մօտ եկան եւ ասում էին. «Յովհաննէսը որեւէ նշան չարեց, բայց այն ամէնը, որ Յովհաննէսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»: 42 Եւ այնտեղ շատերը հաւատացին նրան:11 1 Եւ մի հիւանդ կար, Ղազարոս անունով, Բեթանիայից՝ Մարիամի եւ նրա քոյր Մարթայի գիւղից: 2 Սա այն Մարիամն էր, որ իւղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը: Եւ սրա եղբայր Ղազարոսը հիւանդ էր: 3 Սրա քոյրերը նրա մօտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»: 4 Երբ Յիսուս լսեց, ասաց. «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպէսզի դրանով Աստծու Որդին փառաւորուի»: 5 Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին: 6 Լսելուց յետոյ, թէ Ղազարոսը հիւանդացել է, նա տակաւին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնւում էր: 7 Ապա դրանից յետոյ իր աշակերտներին ասաց. «Եկէ՛ք վերստին գնանք Հրէաստան»: 8 Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»: 9 Յիսուս պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լոյսը տեսնում է, 10 իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ հետը լոյս չունի»: 11 Այս բաներն ասելուց յետոյ նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»: 12 Աշակերտները նրան ասացին. «Տէ՛ր, եթէ ննջել է, ապա կ՚առողջանայ»: 13 Բայց Յիսուս նրա մահուան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպէս թուաց, թէ նա քնով ննջելու մասին է խօսում: 14 Այն ժամանակ Յիսուս նրանց յայտնապէս ասաց. «Ղազարոսը մեռաւ. 15 բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպէսզի դուք ինձ հաւատաք: Արդ, եկէ՛ք գնանք նրա մօտ»: 16 Թովմասը, որ Երկուորեակ էր կոչւում, աշակերտակիցներին ասաց. «Եկէ՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»: 17 Յիսուս եկաւ, նրան գտաւ չորս օրից ի վեր գերեզմանի մէջ: 18 Եւ Բեթանիան Երուսաղէմի մօտ էր շուրջ երեք կիլոմետր: 19 Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որպէսզի նրանց մխիթարեն իրենց եղբօր մահուան համար: 20 Երբ Մարթան լսեց, որ Յիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր: 21 Մարթան Յիսուսին ասաց. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. 22 բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստուած քեզ կը տայ»: 23 Յիսուս նրան ասաց. «Քո եղբայրը յարութիւն կ՚առնի»: 24 Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կ՚առնի»: 25 Յիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՚ապրի. 26 եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի: Հաւատո՞ւմ ես այս բանին»: 27 Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատում եմ, որ դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»: 28 Եւ այս ասելուց յետոյ, գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիամին եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում»: 29 Երբ նա լսեց, իսկոյն վեր կացաւ եւ եկաւ նրա մօտ: 30 Յիսուս դեռ գիւղ չէր հասել, այլ դեռեւս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել: 31 Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին եւ նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացաւ իսկոյն ու գնաց, իրենք եւս նրա յետեւից գնացին. կարծում էին, թէ գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի: 32 Իսկ Մարիամը, երբ եկաւ այնտեղ, ուր Յիսուս կանգնած էր, ու տեսաւ նրան, ընկաւ նրա ոտքերն ու ասաց. «Տէ՛ր, եթէ այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»: 33 Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում եւ ասաց. 34 «Ո՞ւր դրիք նրան»: Նրան ասացին. «Տէ՛ր, արի՛ եւ տե՛ս»: 35 Եւ Յիսուս արտասուեց: 36 Հրեաներն ասացին. «Տեսէ՛ք ինչքան էր սիրում նրան»: 37 Նրանցից ոմանք ասում էին. «Սա, որ կոյրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաեւ այնպէս անել, որ սա չմեռնէր»: 38 Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզմանը: Սա մի քարայր էր, որի վրայ մի քար էր դրուած: 39 Եւ Յիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրէք»: Մարթան՝ մեռածի քոյրը, նրան ասաց. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կը լինի, քանի որ չորս օրուայ է»: 40 Յիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կը տեսնես Աստծու փառքը»: 41 Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. 42 եւ ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»: 43 Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: 44 Եւ մեռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած եւ երեսը վարշամակով պատած: Եւ Յիսուս նրանց ասաց. «Արձակեցէ՛ք դրան եւ թողէ՛ք, որ գնայ»: 45 Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մօտ, երբ տեսան, ինչ որ Յիսուս արեց, հաւատացին նրան: 46 Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Յիսուս արեց: 47 Քահանայապետներն ու փարիսեցիները ատեան գումարեցին եւ ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում: 48 Եթէ նրան այնպէս թողնենք, ամէնքը կը հաւատան նրան, եւ հռոմէացիները կը գան ու կը վերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»: 49 Նրանցից մէկը՝ Կայիափա անունով, որ այդ տարուայ քահանայապետն էր, նրանց ասաց. 50 «Դուք ոչինչ չգիտէք, ոչ իսկ խորհել էք, թէ մեզ համար աւելի լաւ է, որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ ամբողջ ազգը կորչի»: 51 Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ, քանի որ այդ տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ, որ Յիսուս մեռնելու էր ազգի համար: 52 Եւ ոչ միայն ազգի համար, այլ՝ որպէսզի նաեւ Աստծու ցրուած որդիներին ի մի հաւաքի: 53 Ապա այն օրուանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն: 54 Եւ Յիսուս այնուհետեւ այլեւս համարձակ չէր շրջում հրեաների մէջ, այլ այնտեղից գնաց մի շրջան, որ մօտ էր անապատին. գնաց մի քաղաք, որի անունն էր Եփրայիմ, եւ իր աշակերտների հետ այդտեղ էր մնում: 55 Եւ հրեաների զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան զատկից առաջ, որպէսզի իրենք իրենց մաքրեն: 56 Յիսուսին փնտռում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ինչպէ՞ս է ձեզ թւում, արդեօք այս տօնին չի՞ գայ»: Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ, եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձ»րբակալ»ն: 57 Յիսուսին փնտռում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ինչպէ՞ս է ձեզ թւում, արդեօք այս տօնին չի՞ գայ»: Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ, եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձ»րբակալ»ն:12 1 Իսկ Յիսուս զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել: 2 Եւ այնտեղ նրան ընթրիք տուին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մէկն էր: 3 Իսկ Մարիամը մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով՝ օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. եւ տունը լցուեց իւղի բուրմունքով: 4 Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. 5 «Ինչո՞ւ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր արծաթ դահեկանի եւ չտրուեց աղքատներին»: 6 Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում: 7 Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ: 8 Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք: Ինձ միշտ ձեզ հետ չունէք»: 9 Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ. ոչ միայն Յիսուսի պատճառով, այլ՝ որպէսզի տեսնի նաեւ Ղազարոսին, որին մեռելներից վեր էր կացրել: 10 Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, 11 քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին: 12 Յաջորդ օրը, ժողովրդի բազմութիւնը, որ զատկի տօնին էր եկել, երբ լսեց, թէ Յիսուս Երուսաղէմ է գալիս, 13 արմաւենիների ճիւղեր վերցրեց եւ Յիսուսին ընդառաջ ելաւ: Աղաղակում էին ու ասում. «Ովսաննա՜, օրհնեա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ թագաւոր Իսրայէլի»: 14 Եւ Յիսուս մի էշ գտնելով, նստեց նրա վրայ, ինչպէս որ գրուած է. 15 «Մի՛ վախեցիր, ո՛վ դուստրդ Սիոնի, ահա քո թագաւորը գալիս է՝ նստած մի էշի քուռակի վրայ»: 16 Եւ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Յիսուս փառաւորուեց, այն ժամանակ յիշեցին, թէ այդ նրա մասին էր գրուած, եւ իրենք այդ էին արել նրան: 17 Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հէնց գերեզմանից կանչեց եւ նրան մեռելներից կենդանացրեց: 18 Եւ դրա համար էլ նրան ընդառաջ ելաւ ժողովուրդը, որովհետեւ լսել էին, որ այդ նշաններն էր արել: 19 Իսկ փարիսեցիները միմեանց ասում էին. «Տեսնում էք, որ ոչ մի օգուտ չէք ստանում. ահաւասիկ ամբողջ աշխարհը նրա յետեւից գնաց»: 20 Այնտեղ կային նաեւ որոշ թուով հեթանոսներ՝ նրանց մէջ, որ Երուսաղէմ էին եկել, որպէսզի տօնի ժամանակ երկրպագութիւն անեն: 21 Նրանք մօտեցան Փիլիպպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տէ՛ր, ուզում ենք Յիսուսին տեսնել»: 22 Փիլիպպոսը եկաւ եւ Անդրէասին ասաց: Անդրէասը եւ Փիլիպպոսն էլ Յիսուսին ասացին: 23 Եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին: 24 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ: 25 Ով սիրում է իր անձը, կը կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կը պահի յաւիտենական կեանքի համար: 26 Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կը գայ. եւ ուր ես եմ, այնտեղ կը լինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատուի իմ Հայրը: 27 Բայց այժմ հոգիս խռովուած է. եւ ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից: Բայց ես հէնց այս բանի համար եմ եկել այս ժամին: 28 Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»: Երկնքից մի ձայն եկաւ. «Ե՛ւ փառաւորեցի, եւ դարձեա՛լ պիտի փառաւորեմ»: 29 Եւ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր, թէ՝ որոտմունք է լինում: Ոմանք էլ ասացին. «Նրա հետ մի հրեշտակ խօսեց»: 30 Յիսուս պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չէ, որ եկաւ, այլ՝ ձեզ համար: 31 Հիմա՛ է այս աշխարհի դատաստանը, հիմա՛ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կը նետուի: 32 Եւ երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դէպի ինձ կը ձգեմ»: 33 Այս ասում էր նշելու համար, թէ ի՛նչ մահով էր մեռնելու: 34 Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրէնքից մենք լսել ենք, թէ Քրիստոս յաւիտեան կը մնայ, իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ մարդու Որդին պէտք է բարձրանայ. ո՞վ է այդ մարդու Որդին»: 35 Յիսուս նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ եւս լոյսը ձեզ հետ է. քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում: 36 Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք»: Յիսուս այս խօսեց եւ գնաց նրանցից թաքնուեց: 37 Թէպէտ եւ նա այնքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հաւատում նրան, 38 որպէսզի կատարուէր Եսայի մարգարէի խօսքը, որ ասաց. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեց»: 39 Չէին կարողանում հաւատալ եւ այն բանի համար, որ Եսային վերստին ասում է. 40 «Նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը կարծրացրեց, որպէսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ»: 41 Եսային այս ասաց, որովհետեւ տեսաւ նրա փառքը եւ խօսեց նրա մասին: 42 Բայց մինչեւ անգամ հրեայ իշխանաւորներից շատեր հաւատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին յայտնում, որպէսզի ժողովարանից դուրս չհանուեն. 43 քանի որ մարդկանցից տրուած փառքը աւելի սիրեցին, քան Աստծուց տրուած փառքը: 44 Յիսուս աղաղակում էր ու ասում. «Ով ինձ է հաւատում, ինձ չէ, որ հաւատում է, այլ նրան, ով ինձ ուղարկեց: 45 Եւ ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, ով ինձ ուղարկեց: 46 Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չմնայ: 47 Եւ եթէ մէկը լսի իմ խօսքերը եւ չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկայ, որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպէսզի փրկեմ աշխարհը: 48 Ով անարգում է ինձ եւ իմ խօսքերը չի ընդունում, կայ մէկը, որ նրան դատում է. այն խօսքը, որ ես խօսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը, 49 որովհետեւ ես ինքս ինձնից չխօսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ ինձ պատուիրեց, թէ ի՛նչ պիտի ասեմ եւ ի՛նչ պիտի խօսեմ: 50 Եւ գիտեմ, որ այն պատուիրանը յաւիտենական կեանք է: Արդ, ինչ որ ես եմ խօսում, այնպէս եմ խօսում, ինչպէս Հայրն ինձ ասաց»:13 1 Զատկի տօնից առաջ Յիսուս իմացաւ, որ հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի. սիրեց իւրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց: 2 Եւ ընթրիքի ժամանակ, երբ սատանան արդէն իսկ Սիմոնի որդի Իսկարիովտացի Յուդայի սրտի մէջ դրել էր, որ մատնի նրան, 3 Յիսուս իմացաւ, որ Հայրը ամէն բան իր ձեռքն էր յանձնել, եւ որ ինքը Աստծուց էր ելել եւ Աստծու մօտ էր գնում: 4 Նա վեր կացաւ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները եւ մի սրբիչ վերցնելով՝ մէջքին կապեց: 5 Եւ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մէջ եւ սկսեց իր աշակերտների ոտքերը լուանալ եւ սրբել մէջքին կապած սրբիչով: 6 Մօտեցաւ Սիմոն Պետրոսին, եւ սա ասաց նրան. «Տէ՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լուանում»: 7 Յիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց յետոյ կ՚իմանաս»: 8 Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը յաւիտեան չես լուանայ»: Յիսուս պատասխանեց. «Եթէ քեզ չլուանամ, ինձ հետ մաս չունես»: 9 Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տէ՛ր, ոչ թէ միայն իմ ոտքերը, այլեւ իմ ձեռքերն ու գլուխն էլ լուա՛»: 10 Յիսուս նրան ասաց. «Լուացուածին ուրիշ բան պէտք չէ, բայց միայն ոտքերը լուանալ, քանի որ ամբողջութեամբ մաքուր է. եւ դուք մաքուր էք, բայց ոչ բոլորդ»: 11 Քանի որ նա գիտէր նրան, ով իրեն մատնելու էր, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր էք»: 12 Եւ երբ նրանց ոտքերը լուաց, վերցրեց իր զգեստները եւ դարձեալ սեղան նստեց ու ասաց նրանց. «Գիտէ՞ք, թէ այդ ինչ արեցի ձեզ: 13 Դուք ինձ Վարդապետ եւ Տէր էք կոչում. եւ լաւ էք անում, քանի որ իսկապէս ե՛մ. 14 իսկ արդ, եթէ ես՝ Տէրս եւ Վարդապետս, լուացի ձեր ոտքերը, դուք էլ պարտաւոր էք միմեանց ոտքերը լուանալ. 15 որովհետեւ մի օրինակ տուի ձեզ, որ, ինչպէս ես ձեզ արեցի, դուք էլ նոյն ձեւով անէք: 16 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց: 17 Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք: 18 Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետեւ ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ. 19 հէնց այժմուանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի, երբ որ լինի, հաւատաք, որ ես եմ: 20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի նրան, ում ես կ՚ուղարկեմ, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց»: 21 Երբ Յիսուս այս բաներն ասաց, խռովուեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկն ինձ մատնելու է»: 22 Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թէ ո՛ւմ մասին է ասում: 23 Եւ աշակերտներից մէկը, որին Յիսուս սիրում էր, նստել էր նրա մօտ: 24 Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թէ այդ ո՛ւմ մասին է ասում: 25 Եւ սա Յիսուսի կրծքովն ընկաւ ու ասաց նրան. «Տէ՛ր, ո՞վ է»: 26 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կը թաթախեմ եւ կը տամ իրեն»: Եւ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային: 27 Եւ երբ նա պատառն առաւ, սատանան մտաւ նրա մէջ: Յիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛»: 28 Եւ սեղանակիցներից ոչ ոք չիմացաւ, թէ նա ինչի՛ համար այդ նրան ասաց. 29 որովհետեւ ոմանք կարծում էին, թէ, քանի որ Յուդան էր գանձանակը պահում, Յիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ մեզ տօնի ժամանակ պէտք է» եւ կամ՝ որ մի բան տայ աղքատներին: 30 Իսկ նա պատառը վերցնելով՝ իսկոյն դուրս ելաւ: Եւ գիշեր էր... 31 Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրանով, 32 քանի որ, եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կը փառաւորի իրենով. եւ իսկոյն կը փառաւորի նրան: 33 Որդեակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտռէք, եւ ինչպէս ասացի հրեաներին՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ, - այժմ այդ ձեզ էլ եմ ասում: 34 Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք: 35 Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»: 36 Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ո՞ւր ես գնում»: Յիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ յետեւից չես կարող գալ, բայց յետոյ կը գաս իմ յետեւից»: 37 Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող քո յետեւից գալ. այժմուանից իսկ իմ կեանքը քեզ համար կը տամ»: 38 Յիսուս պատասխանեց. «Ինձ համար կեա՞նքդ կը տաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու երեք անգամ ինձ ուրացած կը լինես»:14 1 Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ: 2 Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կ՚ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. 3 եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք: 4 Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք եւ ճանապարհը»: 5 Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»: 6 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը: Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով: 7 Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կը ճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»: 8 Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»: 9 Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր: 10 Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ: Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա՛ է անում գործերը: 11 Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի՛ համար հաւատացէք ինձ: 12 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ով հաւատում է ինձ, ինքն էլ կ՚անի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից աւելի մեծերը կ՚անի, որովհետեւ ես գնում եմ Հօր մօտ: 13 Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կ՚անեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով»: 14 15 «Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները. 16 եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի. 17 Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետեւ ձեզ մօտ պիտի բնակուի եւ ձեր մէջ պիտի լինի: 18 Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ: 19 Մի փոքր ժամանակ եւս, եւ այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կը տեսնէք, որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի էք լինելու: 20 Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք՝ իմ մէջ. ու ես՝ ձեր մէջ: 21 Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան»: 22 Յուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տէ՛ր, ինչպէ՞ս եղաւ, որ քեզ պիտի յայտնես մեզ եւ ոչ թէ աշխարհին»: 23 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, եւ իմ Հայրը նրան կը սիրի. եւ մենք նրա մօտ կը գանք ու նրա մօտ կ՚օթեւանենք: 24 Եւ ով ինձ չի սիրում, իմ խօսքերը չի պահում. եւ իմ խօսքը, որ լսում էք, իմը չէ, այլ՝ Հօրը, որ ինձ ուղարկեց: 25 Այս բաները ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ: 26 Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ»: 27 «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք: 28 Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կը գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես: 29 Եւ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպէսզի, երբ լինի, հաւատաք: 30 Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրայ ոչ մի իշխանութիւն չունի: 31 Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»:15 1 «Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է: 2 Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի: 3 Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի: 4 Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք: 5 Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը: Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող: 6 Եթէ մէկը իմ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետուի եւ կը չորանայ, եւ այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ՚այրուի: 7 Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի: 8 Իմ Հայրը փառաւորուած կը լինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք: 9 Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրոյ մէջ հաստատո՛ւն մնացէք: 10 Եթէ իմ պատուիրանները պահէք, կը մնաք իմ սիրոյ մէջ, ինչպէս ես իմ Հօր պատուիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրոյ մէջ: 11 Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի: 12 Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ: 13 Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար: 14 Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ: 15 Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ: 16 Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ որ իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ: 17 Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց»: 18 «Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: 19 Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է: 20 Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն: 21 Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է: 22 Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ: 23 Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը. 24 եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը: 25 Եւ այդ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին: 26 Բայց երբ գայ Մխիթարիչը, որին ես ձեզ կ՚ուղարկեմ Հօրից, Ճշմարտութեան Հոգին, որ ելնում է Հօրից, նա՛ կը վկայի իմ մասին. 27 կը վկայէք եւ դուք, որովհետեւ սկզբից ինձ հետ էք»:16 1 «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք: 2 Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: 3 Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: 4 Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»: 5 «Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մօտ, եւ ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թէ՝ ո՞ւր ես գնում: 6 Բայց որովհետեւ ձեզ այս բաներն ասացի, տրտմութիւնը լցրեց ձեր սրտերը: 7 Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետեւ, եթէ ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մօտ չի գայ. իսկ եթէ գնամ, նրան կ՚ուղարկեմ ձեզ մօտ: 8 Եւ նա գալով՝ պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է մեղքի եւ արդարութեան հարցում եւ դատաստանի հարցում: 9 Մեղքի հարցում՝ որովհետեւ ինձ չեն հաւատում. 10 արդարութեան հարցում՝ որովհետեւ իմ Հօր մօտ եմ գնում, եւ այլեւս ինձ չէք տեսնի. 11 դատաստանի հարցում՝ որովհետեւ այս աշխարհի իշխանը դատապարտուած է: 12 Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել: 13 Երբ որ գայ նա՝ Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կ՚առաջնորդի ձեզ. որովհետեւ ոչ թէ ինքն իրենից կը խօսի, այլ ինչ լսի, այն կը խօսի. եւ գալիք բաների մասին կը պատմի ձեզ: 14 Նա ինձ պիտի փառաւորի, որովհետեւ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ: 15 Ամէն ինչ որ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թէ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ»: 16 «Մի փոքր ժամանակ, եւ այլեւս ինձ չէք տեսնի. եւ ապա մի քիչ եւս՝ եւ ինձ նորից կը տեսնէք. եւ ես գնում եմ Հօր մօտ»: 17 Աշակերտներից ոմանք միմեանց ասում էին. «Ի՞նչ է այս, որ մեզ ասում է, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ կը տեսնէք եւ թէ՝ ես գնում եմ իմ Հօր մօտ»: 18 Եւ ասում էին. «Ի՞նչ է այն «մի քիչ եւս» -ը. չենք հասկանում, թէ ինչ է խօսում»: 19 Յիսուս իմացաւ, որ ուզում են իրեն հարց տալ, եւ նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմեանց հարցնում, որ ասացի, թէ՝ մի փոքր ժամանակ, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ՝ մի քիչ եւս, եւ կը տեսնէք ինձ: 20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք եւ պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմէք, բայց ձեր տրտմութիւնը ուրախութեան պիտի փոխուի: 21 Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմութիւն է, որովհետեւ նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլեւս չի յիշում նեղութիւնը՝ ուրախութեան պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնուեց: 22 Դուք էլ այժմ տրտմութիւն ունէք, բայց ես դարձեալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք ձեզնից չպիտի խլի: 23 Եւ այն օրը ինձ ոչինչ չպիտի հարցնէք: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ինչ իմ անունով իմ Հօրից ուզէք, պիտի տայ ձեզ: 24 Մինչեւ հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցէ՛ք եւ պիտի ստանաք, որպէսզի ձեր ուրախութիւնը լիակատար լինի»: 25 «Այս բաները առակներով ասացի ձեզ. պիտի գայ ժամանակ, երբ այլեւս առակներով չպիտի խօսեմ ձեզ հետ, այլ յայտնապէս Հօր մասին պիտի պատմեմ ձեզ: 26 Այն օրը իմ անունով պիտի խնդրէք. եւ ձեզ չեմ ասում, թէ՝ ե՛ս պիտի աղաչեմ Հօրը ձեզ համար, 27 քանի որ Հայրը ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետեւ դուք սիրեցիք ինձ եւ հաւատացիք, որ ես Աստծուց ելայ: 28 Ելայ Հօրից եւ եկայ աշխարհ. դարձեալ թողնում եմ աշխարհը եւ գնում Հօր մօտ»: 29 Աշակերտները նրան ասացին. «Ահա հիմա բացայայտ ես խօսում եւ ոչ մի առակ չես ասում: 30 Հիմա գիտենք, որ ամէն ինչ գիտես, եւ պէտք չկայ, որ մէկը քեզ բան հարցնի. դրա համար հաւատում ենք, որ Աստծուց ելար»: 31 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այժմ հաւատո՞ւմ էք. 32 ահա պիտի գայ ժամանակ եւ արդէն իսկ եկել է, երբ պիտի ցրուէք իւրաքանչիւրդ իր տեղը, եւ ինձ միայնակ պիտի թողնէք. սակայն ես միայնակ չեմ, որովհետեւ Հայրն ինձ հետ է: 33 Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք: Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»: