ArmenianEastern(i)
41 Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային» (որ թարգմանւում է՝ Քրիստոս): 42 Սա նրան տարաւ Յիսուսի մօտ: Նայելով նրան՝ Յիսուս ասաց. «Դու Յովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչուես Կեփաս» (որ թարգմանւում է՝ Պետրոս): 43 Յաջորդ օրը Յիսուս որոշեց Գալիլիա մեկնել. գտաւ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ յետեւից»: 44 Եւ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր, Անդրէասի եւ Պետրոսի քաղաքից: 45 Փիլիպպոսը գտնում է Նաթանայէլին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսէսը օրէնքի մէջ եւ մարգարէները գրել են, գտանք նրան՝ Յիսուսին՝ Յովսէփի որդուն, Նազարէթ քաղաքից»: 46 Նաթանայէլը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից մի որեւիցէ լաւ բան դուրս գայ»: Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ եւ տե՛ս»: 47 Երբ Յիսուս տեսաւ Նաթանայէլին, որ իր մօտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»: 48 Նաթանայէլը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսայ քեզ»: 49 Նաթանայէլը պատասխան տուեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայէլի թագաւորը»: 50 Յիսուս պատասխան տուեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հաւատում, որ քեզ ասացի, թէ՝ թզենու տակ տեսայ քեզ. դրանից շատ աւելի մեծ բաներ պիտի տեսնես»: 51 Եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս եւ իջնելիս մարդու Որդու վրայ»: