ArmenianEastern(i)
1 Աստուած յիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնուող բոլոր գազաններին, բոլոր անասուններին ու բոլոր թռչուններին: Աստուած հողմ բարձրացրեց երկրի վրայ, եւ անձրեւը դադարեց: 2 Փակուեցին ստորգետնեայ աղբիւրներն ու երկնքի սահանքները, դադարեց նաեւ երկնքից թափուող անձրեւը: 3 Ջուրը գնալով իջնում, քաշւում էր երկրի վրայից, եւ հարիւր յիսուն օր անց այն նուազեց: 4 Եօթներորդ ամսի քսանեօթին տապանը նստեց Արարատ լերան վրայ: 5 Ջուրը մինչեւ տասներորդ ամիսը քաշւում էր, նուազում: Տասնմէկերորդ ամսի առաջին օրը երեւացին լեռների գագաթները: 6 Քառասուն օր յետոյ Նոյը բացեց իր կառուցած տապանի պատուհանը: 7 Նա արձակեց մի ագռաւ, որը գնաց, բայց չվերադարձաւ, մինչեւ որ ջուրը ցամաքէր երկրի վրայից: 8 Յետոյ նա արձակեց մի աղաւնի՝ տեսնելու, թէ ջրերը քաշուե՞լ են երկրի երեսից: 9 Աղաւնին իր ոտքը դնելու տեղ չգտնելով՝ վերադարձաւ նրա մօտ՝ տապան, որովհետեւ ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը: Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան եւ բերեց իր մօտ՝ տապան: 10 Նա սպասեց եւս եօթը օր ու տապանից դարձեալ արձակեց աղաւնուն: 11 Աղաւնին նրա մօտ վերադարձաւ երեկոյեան: Նրա կտուցին ձիթենու մի շիւղ կար: Նոյը դրանից հասկացաւ, որ ջրերը քաշուել են երկրի վրայից: 12 Նոյն սպասեց եւս եօթը օր ու նորից արձակեց աղաւնուն, որն այլեւս նրա մօտ չվերադարձաւ: 13 Նոյի կեանքի վեցհարիւրմէկերորդ տարում, առաջին ամսի առաջին օրը ջրերը քաշուեցին երկրի վրայից: Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը եւ տեսաւ, որ ջուրը քաշուել է երկրի երեսից: 14 Երկրորդ ամսի քսանեօթներորդ օրը երկիրը ցամաքեց: 15 Տէր Աստուած Նոյին ասաց. 16 «Դո՛ւրս եկէք այդ տապանից դու, քո կինը, քո որդիները եւ քո որդիների կանայք, 17 նաեւ քեզ հետ եղող բոլոր գազանները, բոլոր էակները՝ թռչուններից մինչեւ անասունները: Դո՛ւրս հանիր քեզ հետ նաեւ երկրի վրայ սողացող բոլոր սողուններին, նրանք թող սողան երկրի վրայ: Աճեցէ՛ք եւ բազմացէ՛ք երկրի վրայ»: 18 Դուրս ելան Նոյը, նրա հետ նաեւ իր կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք: 19 Երկրի բոլոր գազանները, բոլոր սողուններն ու բոլոր թռչունները՝ իրենց տեսակներով, դուրս ելան տապանից: 20 Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար: Նա առաւ բոլոր տեսակի անպիղծ անասուններից, բոլոր տեսակի անպիղծ թռչուններից եւ ողջակիզեց զոհասեղանի վրայ: 21 Եւ Տէր Աստուած հոտոտեց անուշ բոյրը: Տէր Աստուած իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար ես երկիրն այլեւս չեմ անիծի, որովհետեւ մարդկանց միտքը մանկուց չարի ծառայութեան մէջ է: Ես այլեւս ոչ մի կենդանի էակի չեմ պատուհասի, ինչպէս արեցի: 22 Այսուհետեւ, քանի դեռ կայ երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տօթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»:9 1 Աստուած օրհնելով Նոյին ու նրա որդիներին՝ ասաց նրանց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրն ու տիրեցէ՛ք դրան: 2 Ձեր ահն ու երկիւղը թող լինի երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների, երկրի բոլոր զեռունների եւ ծովի բոլոր ձկների վրայ, որ ենթարկել եմ ձեզ: 3 Ամէն մի կենդանի զեռուն թող կերակուր լինի ձեզ, ինչպէս խոտն ու բանջարն եմ տուել: 4 Կենսատու արիւն պարունակող միս չուտէք, 5 քանզի ես էլ ձեր կենսատու արիւնը կը պահանջեմ, բոլոր գազանների, ինչպէս նաեւ մարդու միջոցով կը պահանջեմ այն: Մարդու միջոցով պիտի պահանջեմ իր եղբօր հոգին: 6 Ով թափի մարդու արիւնը, նրա արեան փոխարէն թող թափուի իր արիւնը, որովհետեւ Աստծու պատկերով եմ ստեղծել ես մարդուն: 7 Իսկ դուք աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը եւ բազմացէ՛ք դրա վրայ»: 8 Տէր Աստուած, դիմելով Նոյին ու նրա որդիներին, որոնք նրա հետ էին, ասաց. 9 «Ահա ես ուխտ եմ դնում ձեզ հետ, ձեզնից յետոյ եկող ձեր սերունդների հետ, 10 ձեզ հետ եղող բոլոր կենդանի էակների հետ՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, այդ տապանից դուրս եկած բոլորի եւ երկրի բոլոր կենդանիների հետ: 11 Ես ուխտ եմ դնում ձեզ հետ. այլեւս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, ողջ երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլեւս»: 12 Տէր Աստուած ասաց Նոյին. «Իմ ու ձեր միջեւ, ձեզ հետ եղող ամէն կենդանի էակի միջեւ գալիք բոլոր սերունդների համար իմ հաստատած ուխտի նշանն այս է. 13 իմ ծիածանը կը կապեմ ամպերի մէջ: Եւ դա թող լինի իմ ու ողջ երկրի միջեւ յաւիտենական ուխտի նշանը: 14 Երբ երկրի վրայ ամպեր կուտակեմ, իմ ծիածանը թող երեւայ ամպերի մէջ: 15 Այնժամ ես կը յիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջեւ եւ շնչաւոր բոլոր էակերի միջեւ: Այլեւս ջրհեղեղ չի լինի, որպէսզի բոլոր էակները չոչնչանան: 16 Թող իմ ծիածանը լինի ամպերի մէջ, որպէսզի ես տեսնեմ այն եւ յիշեմ իմ ու երկրի վրայ գտնուող բոլոր շնչաւոր էակների միջեւ իմ հաստատած յաւիտենական ուխտը»: 17 Տէր Աստուած ասաց Նոյին. «Այս է նշանն այն ուխտի, որ հաստատեցի իմ ու ձեր միջեւ եւ երկրի վրայ գտնուող բոլոր էակների միջեւ»: 18 Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սէմը, Քամը եւ Յաբէթը: Քամը Քանանի հայրն էր: 19 Այս երեքն էին Նոյի որդիները, եւ ժողովուրդները սրանցից սերուելով տարածուեցին ողջ երկրի վրայ: 20 Նոյը՝ հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց եւ այգի տնկեց: 21 Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր տան մէջ: 22 Քամը՝ Քանանի հայրը, տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին: 23 Սէմն ու Յաբէթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին եւ, յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը: Նրանք մէջքով էին կանգնած, այնպէս որ իրենց հօր մերկութիւնը չտեսան: 24 Նոյը սթափուելով գինովութիւնից՝ իմացաւ, թէ ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին, 25 եւ ասաց. «Անիծեալ լինի ստրուկ Քանանը եւ իր եղբայրների ծառան թող լինի»: 26 Նա աւելացրեց. «Օրհնեալ լինի Տէր Աստուած՝ Սէմի Աստուածը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան: 27 Աստուած թող բարգաւաճեցնի Յաբէթին, նա թող բնակուի Սէմի տանը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան»: 28 Ջրհեղեղից յետոյ Նոյը ապրեց երեք հարիւր յիսուն տարի: 29 Նոյը ինը հարիւր յիսուն տարի ապրելուց յետոյ մեռաւ:10 1 Սրանք են Նոյի որդիների՝ Սէմի, Քամի, Յաբէթի սերունդները. ջրհեղեղից յետոյ որդիներ ծնուեցին նրանց: 2 Յաբէթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Յաւանը, Ելիսան, Թոբէլը, Մոսոքը եւ Թիրասը: 3 Գամերի որդիներն են Ասքանազը, Րիփաթը եւ Թորգոման: 4 Յաւանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները: 5 Սրանցից է, որ բաժանուեցին եւ ծովեզերքում բնակութիւն հաստատեցին ժողովուրդները՝ իւրաքանչիւրն ըստ իր երկրում ունեցած լեզուների եւ տոհմերի: 6 Քամի որդիներն են Քուշն ու Մեստրեմը, Փուդն ու Քանանը: 7 Քուշի որդիներն են Սաբան, Եւիլան, Սաբաթան, Ռեգման եւ Սաբակաթան: Ռեգմայի որդիներն են Սաբան եւ Յուդադանը: 8 Քուշը ծնեց Նեբրոթին: Նա առաջին հսկան էր երկրի վրայ: 9 Նա քաջ որսորդ էր Աստծու առաջ: Դրա համար էլ ասոյթ դարձաւ. «Նեբրոթի պէս քաջ է Տէր Աստծու առաջ»: 10 Նրա թագաւորութիւնն սկիզբ առաւ Բաբելոնում եւ ընդգրկում էր Որէքը, Աքադն ու Քաղանէն, որոնք գտնւում էին Սենաար երկրում: 11 Նեբրոթն ելաւ այդ երկրից ու գնաց Ասուր, կառուցեց Նինուէն, Ռոբոթ քաղաքը, Քաղանը, 12 ինչպէս նաեւ Նինուէի ու Քաղանի միջեւ գտնուող Դասեմանը: Սա մեծ քաղաք էր: 13 Մեստրեմը սերեց լուդիիմացիներին, սենիիմացիներին, սաղբիիմացիներին, հեփթաղիիմացիներին, 14 պատրոսոնիիմացիներին եւ քասղոնիիմացիներին, որոնցից սկիզբ առան փղշտացիներն ու կափթոորիմացիները: 15 Քանանը ծնունդ տուեց Սիդոնին՝ իր անդրանիկ որդուն, քետացիներին, 16 յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին, 17 խեւացիներին, արուակացիներին, ամինացիներին, 18 արադիոնացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին: Դրանից յետոյ սփռուեցին քանանացիների ցեղերը: 19 Քանանացիների սահմանները ձգուեցին Սիդոնից մինչեւ Գերարա, որ Գազայի մօտ էր, մինչեւ Սոդոմ եւ Գոմոր, Ադամայից ու Սեբոյիմից մինչեւ Լասա: 20 Ահա սրանք են Քամի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու իրենց տոհմերի: 21 Յաբէթի երէց եղբայրը՝ Սէմը, որ Եբերի բոլոր որդիների նախահայրն էր, նոյնպէս ծնեց որդիներ: 22 Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը: 23 Արամի որդիներն են Հուսը, Եմուղը, Գադերն ու Մոսոքը: 24 Արփաքսադը ծնեց Կայնանին, Կայնանը ծնեց Սաղային, իսկ Սաղան ծնեց Եբերին: 25 Եբերը ծնեց երկու որդի. մէկի անունը Փաղէկ էր, որովհետեւ նրա օրօք ցրուեցին մարդիկ, իսկ եղբօր անունը Յեկտան էր: 26 Յեկտանը ծնեց Էլմոդադին, Սալէքին, Ասարմոդին, Յարաքին, 27 Յոդորամին, Եզէլին, Դեկլային, 28 Գեբաղին, Աբիմէէլին, Սաբէիին, 29 Ուփիրին, Եւիլային ու Յոբաբին: Սրանք բոլորը Յեկտանի որդիներն են: 30 Նրանք բնակութիւն հաստատեցին Մասէից մինչեւ Սոփերա, որ գտնւում էր արեւելեան լերան կողմը: 31 Ահա սրանք են Սէմի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրի ու տոհմերի: 32 Այս է Նոյի որդիների ցեղերի ծննդաբանութիւնն ըստ իրենց տոհմերի: Ջրհեղեղից յետոյ աշխարհով մէկ սփռուած ժողովուրդները սրանցից են առաջացել:11 1 Այն ժամանակ ողջ երկիրը մէկ լեզուով, մէկ բարբառով էր խօսում: 2 Արեւելքից տեղաշարժուելու ժամանակ նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան եւ բնակուեցին այնտեղ: 3 Նրանք միմեանց դիմելով՝ ասացին. «Եկէք աղիւս շինենք ու այն թրծենք կրակով»: Աղիւսը նրանց համար ծառայեց իբրեւ քար, իսկ կուպրը՝ իբրեւ շաղախ: 4 Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք: Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»: 5 Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները: 6 Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել: Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են: 7 Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»: 8 Տէր Աստուած այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց: 9 Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մէկ: 10 Սէմի սերունդները սրանք են. Սէմը հարիւրամեայ հասակում, ջրհեղեղից երկու տարի յետոյ ծնեց Արփաքսադին: 11 Սէմն Արփաքսադին ծնելուց յետոյ ապրեց եւս հինգ հարիւր տարի: Նա ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: 12 Արփաքսադը հարիւր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Կայնանին: 13 Արփաքսադը Կայնանին ծնելուց յետոյ ապրեց եւս չորս հարիւր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: Կայնանը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Սաղային: Կայնանը Սաղային ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: 14 Սաղան հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին: 15 Սաղան Եբերին ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: 16 Եբերը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Փաղէկին: 17 Եբերը Փաղէկին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: 18 Փաղէկը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Ռագաւին: 19 Փաղէկը Ռագաւին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: 20 Ռագաւը հարիւր երեսուներկու տարեկան հասակում ծնեց Սերուքին: 21 Ռագաւը Սերուքին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: 22 Սերուքը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Նաքորին: 23 Սերուքը Նաքորին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ: 24 Նաքորը եօթանասունինը տարեկան հասակում ծնեց Թարային: 25 Նաքորը Թարային ծնելուց յետոյ ապրեց եւս հարիւր քսաներկու տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ: 26 Թարան եօթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքորին եւ Առանին: 27 Թարայի սերունդը այս է. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին: 28 Առանը մեռաւ իր հայր Թարայի կենդանութեան օրօք, իր ծննդավայրում՝ Քաղդէացւոց երկրում: 29 Աբրամն ու Նաքորը ամուսնացան: Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա: Սա Առանի՝ Մեղքայի եւ Յէսքայի հօր դուստրն էր: 30 Սարան ամուլ էր՝ երեխայ չէր ունենում: 31 Թարան իր որդի Աբրամին, իր որդի Նաքորին, իր որդի Առանի որդի Ղովտին ու իր հարսին՝ իր որդի Աբրամի կնոջը, Քաղդէացւոց երկրից առաւ տարաւ Քանանացւոց երկիրը: Նրանք հասան Խառան ու բնակուեցին այնտեղ: 32 Խառանում Թարան դարձաւ երկու հարիւր հինգ տարեկան. Թարան Խառանում էլ մեռաւ: