ArmenianEastern(i)
1 Երբ Աբրամը իննսունինը տարեկան եղաւ, Տէր Աստուած երեւաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստուածը, հնազա՛նդ եղիր ինձ, եղի՛ր անարատ: 2 Ուխտ եմ դնելու իմ եւ քո միջեւ. ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը»: 3 Աբրամը երկրպագեց, իսկ Աստուած, դիմելով նրան, ասաց. 4 «Այս է իմ՝ քեզ հետ դրած ուխտը. բազում ազգերի նախահայր պիտի դառնաս: 5 Սրանից յետոյ քո անունը Աբրամ պիտի չլինի, այլ Աբրահամ պիտի լինի քո անունը, որովհետեւ բազում ազգերի նախահայր եմ դարձնելու քեզ: 6 Քո սերունդը շատ եմ աճեցնելու, քեզնից բազում ազգեր պիտի սերեմ, թագաւորներ պիտի ծնուեն քեզնից: 7 Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ եւ քո միջեւ, քեզնից յետոյ գալիք քո սերունդների ու նրանց ցեղերի միջեւ որպէս յաւիտենական ուխտ, որով ես եմ լինելու քո եւ քեզնից յետոյ գալիք սերունդների Աստուածը: 8 Քեզ ու քո սերունդներին իբրեւ յաւիտենական սեփականութիւն տալու եմ այս երկիրը, ուր դու բնակւում ես պանդխտութեան մէջ, Քանանացիների ամբողջ երկիրը: Ես լինելու եմ նրանց Աստուածը, 9 իսկ դու եւ քեզնից յետոյ գալիք քո զաւակները, սերնդից սերունդ, պէտք է պահէք իմ ուխտը: 10 Այս է իմ ուխտը, որ պիտի պահես իմ եւ քո միջեւ ու քեզնից յետոյ գալիք քո զաւակների միջեւ, սերնդից սերունդ: 11 Ձեր բոլոր արու զաւակները պիտի թլփատուեն, պիտի թլփատէք ձեր անդամների թլիփները, եւ դա թող լինի իմ եւ ձեր միջեւ ուխտի նշանը: 12 Ձեր մանուկները՝ ձեր ցեղերի բոլոր արուները, ընդոծինն ու արծաթով գնուած ստրուկները, ամէն մի օտարածին, որ քո սերնդից չէ, ութօրեայ հասակում պէտք է թլփատուեն: Պէտք է անպայման թլփատուեն քո տան ընդոծինն ու արծաթով գնուած քո ստրուկը: 13 Ձեր թլփատութեան մասին իմ ուխտը թող յաւիտենական ուխտ լինի: 14 Ութերորդ օրը թլիփը չթլփատուած արուն թող վերանայ իր ցեղի միջից, որովհետեւ խախտած կը լինի իմ ուխտը»: 15 Աստուած ասաց Աբրահամին. «Քո կին Սարայի անունն այլեւս Սարա թող չլինի, այլ Սառա թող լինի նրա անունը: 16 Ես կ՚օրհնեմ նրան եւ նրա միջոցով քեզ զաւակ կը պարգեւեմ, ես կ՚օրհնեմ նրան, նա ազգերի նախամայր կը դառնայ, նրանից ցեղերի թագաւորներ կը ծնուեն»: 17 Աբրահամը երկրպագեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարիւր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամեայ Սառան կարո՞ղ է ծնել»: 18 Աբրահամն ասաց Աստծուն. «Այս Իսմայէլը թող ապրի քո առաջ»: 19 Աստուած պատասխանեց Աբրահամին. «Այո՛. ահա քո կին Սառան քեզ համար որդի է բերելու, եւ իմ ուխտը, որպէս յաւիտենական ուխտ, հաստատելու եմ նրա հետ ու նրանից յետոյ գալիք սերունդների հետ: 20 Ինչ վերաբերում է Իսմայէլին, ապա ընդառաջում եմ քեզ: Նրան կ՚օրհնեմ, նրան կ՚աճեցնեմ եւ անչափ կը բազմացնեմ նրա սերունդները: Նա տասներկու ազգ է սերելու, եւ նրան մեծ ազգի նախահայր եմ դարձնելու, 21 բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին կը ծնի Սառան քեզ համար միւս տարի այս ժամանակ»: 22 Աստուած վերջացրեց իր խօսքը Աբրահամի հետ եւ հեռացաւ նրա մօտից: 23 Աբրահամը իր որդի Իսմայէլի, իր բոլոր ընդոծինների, արծաթով գնուած իր բոլոր ստրուկների եւ Աբրահամի տանն եղած բոլոր արու մարդկանց թլիփը նոյն օրն իսկ թլփատեց, ինչպէս ասել էր նրան Աստուած: 24 Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ թլփատեց իր թլիփը, 25 իսկ իր որդի Իսմայէլը տասներեք տարեկան էր, երբ թլփատուեց նրա թլիփը: 26 Այդ օրը թլփատուեցին Աբրահամն ու իր որդի Իսմայէլը: 27 Նա թլփատեց իր տան բոլոր տղամարդկանց՝ ընդոծիններ լինեն նրանք թէ արծաթով գնուած օտարածին ստրուկներ: