ArmenianEastern(i)
7 Տիրոջ հրեշտակը նրան գտաւ անապատում, ջրի աղբիւրի մօտ, այն աղբիւրի, որ Սուր տանող ճանապարհի վրայ է: 8 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ագա՛ր, Սարայի աղախին, որտեղի՞ց ես գալիս, կամ ո՞ւր ես գնում»: Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայի մօտից եմ փախչում ես»: 9 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձի՛ր քո տիրուհու մօտ եւ հնազա՛նդ եղիր նրան»: 10 Տիրոջ հրեշտակն աւելացրեց. «Ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշուել հնարաւոր չլինի»: 11 Տիրոջ հրեշտակը ասաց նաեւ. «Դու արդէն յղի ես, որդի պիտի ունենաս եւ նրա անունը Իսմայէլ պիտի դնես, որովհետեւ Տէրը իմացաւ քո տառապանքները: 12 Նա վայրագ մարդ է լինելու: Նա ձեռք է բարձրացնելու բոլորի դէմ, եւ բոլորը ձեռք են բարձրացնելու նրա դէմ: Նա բնակուելու է իր բոլոր եղբայրների դիմաց»: 13 Ագարն իր հետ խօսող Տիրոջը դիմելով՝ ասաց. «Դու այն Աստուածն ես, որ ինձ զօրավիգ եղաւ. - քանզի ասաց, - ես իմ առաջ տեսայ նրան, ով երեւացել է ինձ»: