Exodus 9:18-26

ArmenianEastern(i) 18 Ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին այնպիսի սաստիկ կարկուտ տեղացնեմ, որպիսին դեռեւս չի եղել Եգիպտոսում իր գոյութեան օրուանից մինչեւ այսօր: 19 Արդ, շտապի՛ր հաւաքել քո անասունները եւ այն ամէնը, ինչ ունես դաշտում, որովհետեւ դաշտում գտնուող ու դեռեւս տուն չմտած մարդկանց ու անասունների վրայ կարկուտ է թափուելու եւ ոչնչացնելու է նրանց»: 20 Փարաւոնի պաշտօնեաներից նա, ով մի անգամ տեսել էր Տիրոջ սարսափը, իր ծառաներին ու անասունները հաւաքեց տան մէջ, 21 իսկ ով չանսաց Տիրոջ խօսքերին, դաշտում թողեց իր ծառաներին ու անասունները: 22 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ թող կարկուտ թափուի Եգիպտացիների երկրի վրայ, ինչպէս նաեւ մարդկանց ու անասունների եւ Եգիպտացիների երկրի դաշտերի բոլոր բոյսերի վրայ»: 23 Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, Տէրը որոտ ու կարկուտ ուղարկեց, եւ երկրի վրայ սկսեց կրակ թափուել: Տէրը կարկուտ տեղացրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ: 24 Կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մէջ բորբոքուած կրակ կար: Կարկուտն այնքան խոշոր էր, որ նմանը չէր եղել Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ ազգի առաջացումից ի վեր: 25 Կարկուտը հարուածեց Եգիպտացիների ամբողջ երկիրը, այն ամէնը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչեւ անասուն: Կարկուտը հարուած հասցրեց դաշտում եղած ամբողջ բուսականութեանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը: 26 Իսրայէլացիների ապրած Գեսեմ երկրում, սակայն, կարկուտ չտեղաց: