Exodus 29:35-42

ArmenianEastern(i) 35 Այն ամէնը, ինչ կարգադրում եմ քեզ Ահարոնի ու նրա որդիների վերաբերեալ, կը կատարես: Եօթը օր կը կատարես նրանց օրհնութիւնը: 36 Մեղքերի քաւութեան զուարակը կը զոհես սրբութեան օրը: 37 Զոհ մատուցելու համար զոհասեղանը պէտք է սրբագործուած լինի: Զոհասեղանը սրբագործելու համար եօթը օր պէտք է այն մաքրես, օծես, եւ զոհասեղանը կը լինի սրբութիւն սրբոց: Զոհասեղանին դիպչող ամէն ոք կը սրբագործուի»: 38 «Ահա թէ ինչ պիտի զոհես զոհասեղանի վրայ. մշտնջենապէս, ամէն օր մէկ տարեկան ոչ արատաւոր երկու գառ պիտի զոհես զոհասեղանի վրայ. դա մշտնջենական զոհաբերութիւն է լինելու: 39 Մի գառ կը զոհես առաւօտեան, իսկ երկրորդ գառը կը զոհես երեկոյեան: 40 Ամէն մի գառան հետ կը բերես նաեւ շուրջ մէկուկէս լիտր զտուած իւղ՝ շաղուած երեք կիլոգրամ ընտիր ալիւրի հետ, ինչպէս նաեւ մէկուկէս լիտր գինի իբրեւ ընծայ: 41 Երկրորդ գառը կը զոհես երեկոյեան այնպէս, ինչպէս առաւօտեան զոհուած գառը՝ բերելով նոյն ընծաները: Այն որպէս անուշահոտ զոհ կը մատուցես Տիրոջը: 42 Ձեր ազգի մէջ դա պիտի լինի վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ կատարուող մշտնջենական զոհաբերութիւն: Ես քեզ յայտնուելու եմ այնտեղ, որպէսզի խօսեմ քեզ հետ: