ArmenianEastern(i)
1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2 «Իսրայէլի որդիներին կ՚ասես, որ առնեն ինձ սահմանուած ընծաները: Թող առնեն նրանցից, ում սրտից են բխում: 3 Սրանք են այն ընծաները, որ դուք կ՚առնէք նրանցից. ոսկի, արծաթ, պղինձ, 4 կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւ, նրբահիւս բեհեզ, այծի մազ, 5 խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ եւ կարծր փայտեր, 6 լոյսի համար ձէթ եւ օծութեան իւղի ու խնկի համար բաղադրանիւթեր, 7 սարդիոնի քարեր, վակասի վրայ ագուցուելու քարեր եւ պատմուճան: 8 Ինձ համար սրբարան կը կառուցես, եւ ես կ՚երեւամ ձեզ: 9 Դու խորանն ու նրա ամբողջ սպասքը ինձ համար կը պատրաստես ըստ այն օրինակի, որ լերան վրայ ցոյց կը տամ քեզ: Այսպէս կը պատրաստես. 10 Վկայութեան տապանակ կը պատրաստես կարծր փայտից: Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը: 11 Այն կը պատես մաքուր ոսկով՝ ներսից ու դրսից կ՚ոսկեզօծես այն: Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ: 12 Դրա համար չորս ոսկէ օղակներ կը ձուլես եւ կը դնես դրա չորս կողմերին. երկու օղակները՝ մի կողմից, եւ երկու օղակները՝ միւս կողմից: 13 Կարծր փայտից լծակներ կը պատրաստես եւ դրանք կը պատես ոսկով: 14 Լծակները կ՚անցկացնես տապանակի կողքերին ամրացուած օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն տապանակը: 15 Լծակները վկայութեան տապանակի օղակների մէջ թող մնան՝ լինեն դրան ամրացուած: 16 Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ: 17 Քաւութեան խնկամանի կափարիչը կը պատրաստես մաքուր ոսկուց: Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը: 18 Կոփածոյ երկու ոսկեայ քերովբէներ կը պատրաստես եւ դրանք կը դնես կափարիչի երկու ծայրերին: 19 Քերովբէներից մէկը թող լինի կափարիչի մի ծայրին, իսկ միւսը՝ միւս ծայրին: 20 Երկու քերովբէներ կը դնես դրա երկու ծայրերին. թող քերովբէները դէպի վեր տարածեն իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի անեն կափարիչի վրայ: Նրանց գլուխները թող լինեն միմեանց յանդիման, որպէսզի քերովբէների երեսները նայեն կափարիչին: Կափարիչը կը դնես տապանակի վրայ՝ վերեւի կողմից: 21 Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ: 22 Ես քեզ կը յայտնուեմ այնտեղ եւ վկայութեան տապանակի կափարիչի վրայ գտնուող երկու քերովբէների արանքից քեզ հետ կը խօսեմ այն ամենի մասին, ինչ պատուիրելու եմ քեզ Իսրայէլի որդիների վերաբերեալ»: 23 «Սեղան կը պատրաստես կարծր փայտից: Երկու կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկ կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը: 24 Այն կը պատես մաքուր ոսկով: Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ: 25 Դրա չորս կողմը մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ կը դնես եւ այն չորս կողմից կը պատիս ոսկով: 26 Եւ չորս ոսկէ օղակներ կը պատրաստես եւ օղակները կը դնես չորս անկիւններին, ուր, պսակից ներքեւ, դրա չորս ոտքերն են: 27 Օղակները կը ծառայեն այն բանին, որ լծակները դրանց մէջ անցկացնելով՝ կը բարձրացնեն սեղանը: 28 Լծակները կը պատրաստես չփչացող փայտից եւ դրանք կը պատես մաքուր ոսկով: Դրանցից բռնելով՝ կը բարձրացուի սեղանը: 29 Կը պատրաստես դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի պիտի մատուցես: Մաքուր ոսկուց կը պատրաստես դրանք: 30 Սեղանի վրայ, իմ առաջ, մշտապէս կը դնես առաջաւորութեան հաց»: 31 «Մաքուր ոսկուց աշտանակ կը պատրաստես: Քանդակազարդ կ՚անես աշտանակը եւ այնպէս, որ բունը, ճիւղերը, սկահակները, գնդիկներն ու շուշանաձեւ ծաղիկները միաձոյլ լինեն: 32 Վեց ճիւղեր պէտք է տարածուեն նրա կողքերից. աշտանակի երեք ճիւղերը պէտք է լինեն մի կողմից, իսկ աշտանակի միւս երեք ճիւղերը՝ միւս կողմից: 33 Ամէն մի ճիւղ պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ: Միւս ճիւղերն էլ պէտք է ունենան գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ: Այսպէս թող լինեն աշտանակի կողքերից դուրս եկած վեց ստեղները. 34 աշտանակի բունը պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած չորս սկահակներ: 35 Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու ճիւղերի տակ պէտք է լինի մի գնդիկ: Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու միւս ճիւղերի տակ նոյնպէս պէտք է լինի մի գնդիկ: Նոյն ձեւով կը պատրաստես աշտանակի կողքերից դուրս եկած վեց ճիւղերը, 36 այնպէս, որ նրանց գնդիկներն ու ճիւղերը դուրս եկած լինեն իրենց բնի կողքերից՝ ամբողջութեամբ քանդակազարդ, մէկ կտոր մաքուր ոսկուց: 37 Դրա համար կը պատրաստես եօթը կանթեղ եւ կանթեղները կը դնես աշտանակի վրայ այնպէս, որ դրանք լուսաւորեն դէմից: 38 Դրա ունելիներն ու պատուանդանը կը պատրաստես մաքուր ոսկուց: Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կը պատրաստես: 39 Դրա ունելիներն ու պատուանդանը կը պատրաստես մաքուր ոսկուց: Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կը պատրաստես: 40 Ուշադի՛ր եղիր, կ՚անես ըստ այն օրինակի, որ քեզ ցոյց տրուեց լերան վրայ»: