Exodus 14:23-31

ArmenianEastern(i) 23 Եգիպտացիները հետապնդեցին նրանց, եւ փարաւոնի ամբողջ հեծելազօրը, նրա կառքերն ու հեծեալները նրանց յետեւից մտան ծովը: 24 Առաւօտեան Տէրը հրի ու ամպի սեան միջով նայեց եգիպտացիների բանակին եւ խուճապի մատնեց եգիպտացիների բանակը. 25 նա կաշկանդեց նրանց կառքերի անիւները, եւ նրանք դժուարութեամբ էին առաջ շարժւում: Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք իսրայէլացիներից, որովհետեւ Տէրը յօգուտ նրանց է պատերազմում եգիպտացիներիս դէմ»: 26 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, եւ ջրերը թող միանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծեալներին»: 27 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ ջրերն առաւօտեան վերադարձան իրենց տեղը: Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տէրը եգիպտացիներին թափեց ծովը 28 եւ, նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերին, որոնք ծով էին մտել նրանց հետ: Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց: 29 Իսրայէլացիները ծովի միջով կարծես ցամաքի վրայով էին գնում, իսկ ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել: 30 Տէրն այդ օրը իսրայէլացիներին փրկեց եգիպտացիների ձեռքից: 31 Իսրայէլացիները տեսան եգիպտացիների դիակները, որոնք ծովի ափ էին նետուած: Իսրայէլացիները տեսնելով Տիրոջ հզօր ձեռքը, եգիպտացիների գլխին բերած փորձանքը՝ վախեցան Տիրոջից, հաւատացին Աստծուն ու նրա ծառայ Մովսէսին: