ArmenianEastern(i)
15 «Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, առաջին իսկ օրից սկսած ձեր տնից կը վերացնէք թթխմորը: Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչեւ եօթներորդ օրը թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն իսրայէլացիների միջից: 16 Առաջին օրը թող սուրբ հռչակուի: Ձեզ համար թող սուրբ լինի նաեւ նուիրական եօթներորդ օրը: Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարէք, այլ կատարեցէք միայն այն, ինչ կապուած է իւրաքանչիւր մարդու անձնական կարիքների հետ: 17 Իմ այս պատուիրանները կը պահէք, որպէսզի այդ օրը ես ձեր ժողովրդին հանեմ Եգիպտացիների երկրից: Այդ օրը, իբրեւ կարգ, ձեր ժողովրդի մէջ կը նշէք յաւիտենապէս: 18 Առաջին ամսուայ տասնչորսերորդ օրուայ երեկոյից սկսած բաղարջ հաց կ՚ուտէք մինչեւ ամսի քսանմէկերորդ օրուայ երեկոն: 19 Եօթը օր ձեր տներում թթխմոր չպիտի լինի: Բոլոր նրանք, ովքեր թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն Իսրայէլի ժողովրդի միջից: 20 Ձեր երկիրն եկած եկուորներ լինեն թէ տեղաբնակներ, ոչ ոք թթխմորով հաց թող չուտի: Ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ հաց պիտի ուտէք»: