Exodus 11:1-12:32

ArmenianEastern(i) 1 Տէրն ասաց Մովսէսին. «Մի պատուհաս էլ պիտի հասցնեմ փարաւոնին ու Եգիպտոսին, որից յետոյ փարաւոնը ձեզ կ՚արձակի այստեղից: Բայց երբ նա արձակի ձեզ, կ՚արձակի ձեր ամբողջ ունեցուածքով: 2 Արդ, ժողովրդին գաղտնի յայտնի՛ր, որ իւրաքանչիւր տղամարդ եգիպտացի իր ընկերոջից եւ իւրաքանչիւր կին իր եգիպտացի հարեւանուհուց թող խնդրի ոսկեայ եւ արծաթեայ զարդեր ու զգեստներ»: 3 Տէրը շնորհ պարգեւեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, եւ սրանք զարդեր տուին նրանց: Մովսէսը եգիպտացիների, փարաւոնի, նրա բոլոր պաշտօնեաների առաջ ու ժողովրդի աչքին շատ յարգարժան դարձաւ: 4 Մովսէսն ասաց փարաւոնին. «Այսպէս է ասում Տէրը. «Կէս գիշերին ես կը մտնեմ Եգիպտոս, 5 եւ Եգիպտացիների երկրում կը մեռնեն բոլոր անդրանիկ զաւակները՝ իր գահին բազմած փարաւոնի անդրանիկ որդուց սկսած մինչեւ երկանքի մօտ աշխատող աղախնի անդրանիկ որդին, բոլոր անասունների առաջնածինները: 6 Եւ Եգիպտացիների ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կը բարձրանայ, որի նմանը չի եղել, եւ այդպիսին չի էլ լինի: 7 Բայց իսրայէլացիների շրջանում մի շուն անգամ չի կլանչելու մարդկանց ու անասունների վրայ, որպէսզի իմանաս, թէ ինչպիսի զարմանահրաշ գործեր է անում Տէրը եգիպտացիների ու իսրայէլացիների մէջ: 8 Այս բոլոր ծառաներդ պիտի գան ծնրադրեն իմ առաջ, երկրպագեն ինձ ու ասեն. «Ելէք գնացէ՛ք դու եւ քո ողջ ժողովուրդը, որին դու ես առաջնորդում: Այդ ժամանակ էլ ես կ՚ելնեմ»: 9 Եւ Մովսէսը փարաւոնի մօտից դուրս ելաւ խիստ զայրացած: Տէրն ասաց Մովսէսին. «Փարաւոնը ձեզ չպիտի լսի, որպէսզի ես Եգիպտացիների երկրում է՛լ աւելի շատ նշաններ ցոյց տամ ու զարմանահրաշ գործեր անեմ»: 10 Մովսէսն ու Ահարոնը Եգիպտացիների երկրում փարաւոնի առաջ արեցին այս բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը: Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ փարաւոնը չուզեց իսրայէլացիներին Եգիպտացիների երկրից արձակել:12 1 Տէրը Եգիպտացիների երկրում խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2 «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարուայ առաջին ամիսը լինի: 3 Դու խօսի՛ր իսրայէլացի ողջ ժողովրդի հետ ու ասա՛. «Այս ամսի տասներորդ օրը ամէն մարդ թող մի ոչխար առնի ըստ իր ընտանիքի՝ ամէն մի տան համար մէկ ոչխար: 4 Եթէ մի ընտանիքի անդամները այնքան քիչ են, որ չեն կարող մէկ ոչխար ուտել, ապա ընտանիքի մեծը, ըստ ընտանիքի թուի թող միանայ իր հարեւանի կամ ընկերոջ հետ, եւ իւրաքանչիւրը թող ստանայ ոչխարի համապատասխան բաժինը: 5 Ձեր այդ ոչխարը որեւէ պակասութիւն թող չունենայ, լինի արու, մէկ տարեկան ու անարատ: Այն կարող է գառ կամ ուլ լինել: 6 Այն կը պահէք մինչեւ այս ամսի տասնչորսերորդ օրը, եւ իսրայէլացիները այն թող մորթեն երեկոյեան: 7 Թող վերցնեն նրա արիւնից ու քսեն այն տան դռան սեմին երկու տեղ ու դռան շրջանակի վերեւը այն տան, ուր այն ուտելու են: 8 Այդ գիշեր թող ուտեն կրակի վրայ խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառն խոտերով: 9 Դրանք հում կամ խաշած չուտէք, այլ՝ կրակի վրայ խորովելով: Կ՚ուտէք նաեւ ոչխարի գլուխը, ոտքերն ու փորոտիքը: 10 Առաւօտեան դրանից ոչինչ թող չմնայ: Ոչխարի ոսկորները մի՛ ջարդէք, այլ, ինչ որ աւելանայ դրանից, կրակով կ՚այրէք: 11 Եւ կ՚ուտէք այսպէս. ձեր գօտիները թող ձեր մէջքին լինեն, ձեր կօշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին: Արագ կ՚ուտէք, որովհետեւ Տիրոջ զատիկն է: 12 Այդ գիշեր ես պիտի անցնեմ Եգիպտացիների ամբողջ երկրով եւ պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկրի բոլոր արու առաջնածիններին՝ թէ՛ մարդկանց, թէ՛ անասունների: Եգիպտացիների բոլոր աստուածներից վրէժ պիտի լուծեմ, որովհետեւ ե՛ս եմ Տէրը: 13 Եւ նշուած արիւնը այն տների վրայ, ուր ուտելու էք, թող ձեզ նշան լինի: Ես, տեսնելով այդ արիւնը, պիտի խնայեմ ձեզ, եւ ձեր գլխին չեն իջնի մահաբեր այն հարուածները, որոնցով պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկիրը: 14 Այդ օրը ձեզ համար յիշարժան թող լինի, եւ դուք, իբրեւ Տիրոջ տօն, այդ օրը տօնեցէ՛ք սերնդէսերունդ: Դա, իբրեւ կարգ, յաւիտեան կը տօնէք»: 15 «Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, առաջին իսկ օրից սկսած ձեր տնից կը վերացնէք թթխմորը: Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչեւ եօթներորդ օրը թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն իսրայէլացիների միջից: 16 Առաջին օրը թող սուրբ հռչակուի: Ձեզ համար թող սուրբ լինի նաեւ նուիրական եօթներորդ օրը: Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարէք, այլ կատարեցէք միայն այն, ինչ կապուած է իւրաքանչիւր մարդու անձնական կարիքների հետ: 17 Իմ այս պատուիրանները կը պահէք, որպէսզի այդ օրը ես ձեր ժողովրդին հանեմ Եգիպտացիների երկրից: Այդ օրը, իբրեւ կարգ, ձեր ժողովրդի մէջ կը նշէք յաւիտենապէս: 18 Առաջին ամսուայ տասնչորսերորդ օրուայ երեկոյից սկսած բաղարջ հաց կ՚ուտէք մինչեւ ամսի քսանմէկերորդ օրուայ երեկոն: 19 Եօթը օր ձեր տներում թթխմոր չպիտի լինի: Բոլոր նրանք, ովքեր թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն Իսրայէլի ժողովրդի միջից: 20 Ձեր երկիրն եկած եկուորներ լինեն թէ տեղաբնակներ, ոչ ոք թթխմորով հաց թող չուտի: Ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ հաց պիտի ուտէք»: 21 Մովսէսը կանչեց բոլոր իսրայէլացի ծերերին ու նրանց ասաց. «Գնացէ՛ք, ձեր իւրաքանչիւր ընտանիքի համար մի ոչխար առէ՛ք եւ մորթեցէ՛ք զատկի համար: 22 Վերցրէ՛ք մի խուրձ ծոթրին, այն թաթախեցէ՛ք դռան մօտ եղած արեան մէջ եւ դրանով նշան արէ՛ք դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւը: Բայց ձեզնից ոչ ոք մինչեւ առաւօտ իր տան դռնից դուրս չգայ: 23 Տէրն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար: Նա, տեսնելով դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւում եղած արիւնը, կ՚անցնի կը գնայ այդ դռնով եւ Ոչնչացնողին թոյլ չի տայ մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ: 24 Այս խօսքերը մինչեւ յաւիտեան օրէնք թող լինեն քեզ եւ քո որդիների համար: 25 Երբ կը մտնէք այն երկիրը, որ Տէրը, իր խոստման համաձայն, տալու է ձեզ, կը կատարէք այդ ծիսակատարութիւնը: 26 Եթէ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թէ՝ «Ի՞նչ է նշանակում այս ծիսակատարութիւնը», 27 նրանց կը պատասխանէք, որ Տիրոջ համար զատկի զոհն է սա, այն Տիրոջ, որ Եգիպտոսում եգիպտացիներին կոտորելիս խնայեց իսրայէլացիներին, փրկեց մեր ընտանիքները»: Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագութիւն արեց: 28 Իսրայէլացիները գնացին ու արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին: 29 Երբ կէս գիշեր եղաւ, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց եգիպտացի բոլոր անդրանիկ զաւակներին՝ իր գահին բազմած փարաւոնի անդրանիկից մինչեւ բանտի մէջ արգելափակուած գերի կնոջ անդրանիկը, նաեւ անասունների բոլոր առաջնածինները: 30 Գիշերը վեր կացան փարաւոնն ինքը, նրա բոլոր պաշտօնեաներն ու բոլոր եգիպտացիները: Եգիպտացիների ամբողջ երկրում մեծ աղաղակ բարձրացաւ, որովհետեւ տուն չկար, որտեղ մեռել չլինէր: 31 Փարաւոնը գիշերով կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Դուք եւ իսրայէլացիներդ վեր կացէք գնացէ՛ք իմ ժողովրդի միջից, գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն, ինչպէս որ ասացիք: 32 Ձեզ հետ տարէ՛ք նաեւ ձեր արջառն ու ոչխարը, ինչպէս որ ասացիք, բայց ինձ էլ օրհնեցէ՛ք»: