Matthew 14:13 Cross References - ArmenianEastern

13 Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց:

Matthew 10:23

23 Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կը փախչէք դէպի այն միւսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք, նախքան մարդու Որդու գալը:

Matthew 12:15

15 Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից մեկնեց: Նրա յետեւից գնաց շատ ժողովուրդ, եւ նա բոլորին բժշկեց:

Matthew 14:1-2

1 Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց.2 «Նա՛ է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»:

Matthew 15:32-38

32 Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»:33 Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»:34 Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»: Եւ նրանք ասացին՝ եօթը, եւ մի քանի ձուկ:35 Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ:36 Եւ վերցնելով եօթը նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին:37 Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթը լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին:38 Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին:

Mark 6:30-44

30 Առաքեալները հաւաքուեցին Յիսուսի մօտ ու նրան պատմեցին այն ամէնը, ինչ որ արել էին եւ ուսուցանել:31 Եւ Յիսուս նրանց ասաց. «Եկէ՛ք դուք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգստացէ՛ք». որովհետեւ եկող-գնացողները շատ էին. եւ հաց ուտելու անգամ ժամանակ չունէին:32 Եւ նաւակով գնացին մի ամայի տեղ՝ առանձին:33 Սակայն մարդիկ տեսան նրանց, որ գնում էին, եւ շատերը ճանաչեցին նրանց ու բոլոր քաղաքներից հետիոտն, խուռներամ այնտեղ վազեցին եւ մօտեցան նրանց:34 Եւ նա նաւակից դուրս ելնելով՝ մեծ ամբոխ տեսաւ ու գթաց նրանց, որովհետեւ նման էին ոչխարների, որոնք հովիւ չունեն. եւ սկսեց նրանց ուսուցանել շատ բաներ:35 Երբ շատ ժամեր անցան, աշակերտները, մօտենալով, ասացին. «Սա ամայի տեղ է, մինչ օրը դեռ չի վերջացել,36 արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայքի ագարակներում եւ գիւղերում իրենց համար ուտելիք գնեն, որովհետեւ այստեղ ուտելու բան չունեն»:37 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»: Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց եւ նրանց տանք ուտելու»:38 Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունէք, գնացէք տեսէ՛ք»: Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ եւ երկու ձուկ»:39 Եւ նա հրամայեց խումբ-խումբ նստեցնել նրանց դալար խոտի վրայ:40 Եւ դաս-դաս նստեցին, տեղ-տեղ՝ հարիւր, տեղ-տեղ՝ յիսուն:41 Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, մանրեց նկանակները եւ տուեց աշակերտներին, որպէսզի դնեն նրանց առաջ: Եւ երկու ձկներն էլ բաժանեց բոլորին:42 Կերան եւ յագեցան43 եւ տասներկու սակառ լիքը կտորտանքները վերցրին, ինչպէս նաեւ՝ ձկներից:44 Եւ նրանք որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին:

Luke 9:10-17

10 Առաքեալները վերադարձան եւ Յիսուսին պատմեցին այն ամէնը, ինչ որ արեցին. եւ նա նրանց հետն առնելով՝ քաշուեց առանձնացաւ ամայի մի տեղ, մօտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչւում:11 Եւ երբ ժողովուրդը իմացաւ, գնաց նրա յետեւից. եւ նա ընդունելով նրանց՝ խօսում էր նրանց հետ Աստծու արքայութեան մասին. եւ որոնք որ բժշկուելու կարիք ունէին, բժշկում էր նրանց:12 Եւ օրն սկսեց տարաժամել: Տասներկուսը մօտեցան եւ նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայ գիւղերը եւ ագարակները, հանգստանան եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ ամայի վայրում ենք»:13 Նա ասաց նրանց. «Դո՛ւք տուէք նրանց ուտելու բան»: Եւ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից եւ երկու ձկից աւելին չունենք, եթէ չգնանք եւ այս ժողովրդի համար բաւարար ուտելիք չգնենք».14 որովհետեւ շուրջ հինգ հազար մարդ կար: Նա աշակերտներին ասաց. «Նստեցրէ՛ք դրանց խումբ-խումբ, յիսուն-յիսուն»:15 Եւ այդպէս արեցին ու ամենքին նստեցրին:16 Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձուկը՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ աշակերտներին տուեց, որպէսզի ժողովրդի առաջ դնեն:17 Ամէնքը կերան եւ յագեցան. իսկ կտորտանքները վերցրին՝ տասներկու սակառ լիքը:

John 6:1-15

1 Այնուհետեւ Յիսուս Գալիլիայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցաւ.2 եւ նրա յետեւից բազում ժողովուրդ էր գնում, որովհետեւ տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիւանդների վրայ:3 Յիսուս լեռ բարձրացաւ եւ նստեց այնտեղ իր աշակերտների հետ:4 Եւ մօտ էր զատիկը՝ հրեաների տօնը:5 Յիսուս իր աչքերը վեր բարձրացրեց եւ տեսաւ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մօտ: Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»:6 Այս ասում էր՝ նրան փորձելու համար, բայց ինքը գիտէր, թէ ինչ էր անելու:7 Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարիւր դահեկանի հաց դրանց չի բաւարարի, թէկուզ եւ իւրաքանչիւր ոք մի կտոր վերցնի»:8 Նրա աշակերտներից մէկը՝ Անդրէասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան.9 «Այստեղ մի պատանի կայ, որ հինգ գարեհաց ունի եւ երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսչափ մարդկանց համար»:10 Յիսուս ասաց. «Նստեցրէ՛ք մարդկանց»: Այնտեղ առատ խոտ կար: Եւ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին:11 Եւ Յիսուս հացն առաւ ու գոհութիւն յայտնեց Աստծուն եւ բաշխեց նստածներին: Նոյն ձեւով եւ ձկներից՝ որչափ որ կամեցան:12 Եւ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հաւաքեցէ՛ք այդ մնացած կտորները, որպէսզի ոչ մի բան չկորչի»:13 Հաւաքեցին եւ լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից:14 Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա՛ է ճշմարիտ մարգարէն, որ աշխարհ էր գալու»:15 Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպէսզի իրեն թագաւոր անեն, դարձեալ միայնակ դէպի լեռը գնաց:

Cross Reference data is from OpenBible.info, retrieved June 28, 2010, and licensed under a Creative Commons Attribution License.