Ezekiel 36:23 Cross References - ArmenianEastern
Exodus 15:4-16
4 Նա փարաւոնի կառքերն ու զօրքերը ծովը թափեց,նաեւ ընտիր հեծեալներին ու զօրավարներին: Նրանք ջրասոյզ եղան Կարմիր ծովում:5 Ծովը ծածկեց նրանց, նրանք քարի պէս ընկղմուեցին ծովի յատակը:6 Քո աջը, Տէ՛ր, զօրութեամբ փառաւորուեց, քո աջը, Տէ՛ր, խորտակեց թշնամուն:7 Դու փառքի հզօրութեամբ ջարդուփշուր արեցիր հակառակորդներին, առաքեցիր քո բարկութիւնը, եւ այն հրոյ ճարակ դարձրեց նրանց ինչպէս եղէգ:8 Քո զայրոյթի հողմից ճեղքուեցին ջրերը, պարիսպների նման դիզուեցին ջրերը, ծովի մէջ քարացան ալիքները:9 Թշնամին ասաց. «Հետապնդեմ ու հասնեմ նրանց, բաժանեմ աւարը եւ դրանցով յագուրդ տամ ինձ: Սրի քաշեմ նրանց, որ իմ ձեռքը տիրի նրանց»:10 Դու քո հողմն առաքեցիր, նրանց ծածկեց ծովը, եւ նրանք կապարի նման սուզուեցին ջրերի խորքը:11 Աստուածների մէջ, Տէ՛ր, ո՞վ կայ քեզ նման, եւ կամ ո՞վ կարող է նմանուել քեզ՝ փառաւորեալդ սրբերի մէջ, փառքով սքանչացեալդ, որ նշաններ ես գործում:12 Աջ ձեռքդ մեկնեցիր, եւ երկիրը կուլ տուեց նրանց:13 Արդարութեամբ առաջնորդեցիր քո այս ժողովուրդին, որին փրկեցիր, քո զօրութեամբ մխիթարեցիր նրան քո սուրբ բնակավայրում:14 Ժողովուրդները լսեցին լուրն այս ու բարկացան: Սարսափը պատեց Քանանացիների երկրի բնակիչներին:15 Խուճապահար եղան Եդոմի դատաւորներն ու մովաբացիների իշխանները: Դող բռնեց նրանց, հալումաշ եղան Քանանացիների երկրի բոլոր բնակիչները:16 Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզօրութեամբ թող քարանան նրանք, մինչեւ որ անցնի քո ժողովուրդը, Տէ՛ր, մինչեւ որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար: