Bible verses about "candles" | ArmenianEastern

John 1:1-51

1 Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր:2 Նա սկզբից Աստծու մօտ էր:3 Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է:4 Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր:5 Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց:6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս:7 Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան:8 Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին:9 Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ:10 Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց:11 Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին:12 Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան:13 Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին:14 Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ:15 Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա՛ է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»:16 Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն.17 որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան:18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա՛ յայտնեց Նրան:19 Եւ Յովհաննէսի վկայութիւնը այս է. երբ հրեաները Երուսաղէմից քահանաներ ու ղեւտացիներ ուղարկեցին նրա մօտ, որպէսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես,20 նա խոստովանեց առանց վարանելու. խոստովանեց, թէ՝ ես Քրիստոսը չեմ:21 Ու նրան հարցրին՝ իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես: Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ: Իսկ դու մարգարէ՞ն ես: Նա պատասխանեց՝ ո՛չ:22 Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին:23 Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն»:24 Եւ եկողները փարիսեցիների կողմից էին:25 Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան եւ ոչ էլ մարգարէն»:26 Յովհաննէսը պատասխան տուեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում,27 որ գալու է իմ յետեւից, եւ որի կօշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես»:28 Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Յորդանանի միւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը եւ մկրտում:29 Հետեւեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դէպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը:30 Սա՛ է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար:31 Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»:32 Յովհաննէսը վկայեց եւ ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգչում նրա վրայ:33 Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով»:34 Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա՛ է Աստծու Որդին»:35 Հետեւեալ օրը դարձեալ այնտեղ կանգնած էր Յովհաննէսը. նաեւ՝ իր աշակերտներից երկուսը:36 Եւ նայելով Յիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահաւասիկ Քրիստոսը՝ Գառն Աստուծոյ»:37 Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խօսեց, եւ գնացին Յիսուսի յետեւից:38 Երբ Յիսուս յետ դարձաւ եւ տեսաւ նրանց, որ գալիս էին իր յետեւից, ասաց նրանց. «Ի՞նչ էք ուզում»: Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ), ո՞ւր է քո օթեւանը»:39 Նա նրանց ասաց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»: Եկան եւ տեսան, թէ որտեղ էր նրա օթեւանը. եւ այն օրը նրա մօտ գիշերեցին, որովհետեւ մօտ ժամը չորսն էր:40 Սիմոն Պետրոսի եղբայր Անդրէասը մէկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննէսի ասածը եւ գնացին Յիսուսի յետեւից:41 Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային» (որ թարգմանւում է՝ Քրիստոս):42 Սա նրան տարաւ Յիսուսի մօտ: Նայելով նրան՝ Յիսուս ասաց. «Դու Յովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչուես Կեփաս» (որ թարգմանւում է՝ Պետրոս):43 Յաջորդ օրը Յիսուս որոշեց Գալիլիա մեկնել. գտաւ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ յետեւից»:44 Եւ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր, Անդրէասի եւ Պետրոսի քաղաքից:45 Փիլիպպոսը գտնում է Նաթանայէլին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսէսը օրէնքի մէջ եւ մարգարէները գրել են, գտանք նրան՝ Յիսուսին՝ Յովսէփի որդուն, Նազարէթ քաղաքից»:46 Նաթանայէլը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից մի որեւիցէ լաւ բան դուրս գայ»: Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ եւ տե՛ս»:47 Երբ Յիսուս տեսաւ Նաթանայէլին, որ իր մօտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»:48 Նաթանայէլը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսայ քեզ»:49 Նաթանայէլը պատասխան տուեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայէլի թագաւորը»:50 Յիսուս պատասխան տուեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հաւատում, որ քեզ ասացի, թէ՝ թզենու տակ տեսայ քեզ. դրանից շատ աւելի մեծ բաներ պիտի տեսնես»:51 Եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս եւ իջնելիս մարդու Որդու վրայ»:

Topical data is from OpenBible.info, retrieved November 11, 2013, and licensed under a Creative Commons Attribution License.