Mark 14:66 Cross References - ArmenianEastern

66 Եւ մինչ Պետրոսը դեռ ներքեւում, գաւթում էր, քահանայապետի մի աղախինը եկաւ եւ տեսաւ նրան տաքանալիս:

Matthew 26:58

58 Եւ Պետրոսը հեռուից նրան հետեւելով՝ գնաց մինչեւ քահանայապետի գաւիթը եւ ներս մտնելով՝ սպասաւորների հետ նստեց՝ տեսնելու համար վախճանը:

Matthew 26:69-75

69 Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գաւթում. մի աղախին մօտեցաւ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ գալիլիացի Յիսուսի հետ էիր»:70 Նա ուրացաւ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խօսում»:71 Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ մի այլ կին եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»:72 Եւ դարձեալ նա երդումով ուրացաւ, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում:73 Եւ մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները, մօտենալով, Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»:74 Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդուել, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում: Եւ իսկոյն աքաղաղը կանչեց:75 Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս: Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ:

Mark 14:54

54 Իսկ Պետրոսը հեռուից նրա յետեւից գնաց մինչեւ ներս, քահանայապետի գաւիթը: Եւ նստած էր սպասաւորների մօտ ու տաքանում էր կրակի բոցի առջեւ:

Luke 22:55-62

55 Երբ գաւթի մէջ կրակ վառեցին եւ նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մէջ:56 Մի աղախին տեսաւ նրան կրակի լոյսի մօտ նստած, հայեացքը սեւեռեց նրան եւ ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին»57 Իսկ Պետրոսն ուրացաւ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»:58 Եւ քիչ յետոյ մէկ ուրիշը տեսաւ նրան եւ ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»: Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»:59 Եւ երբ մի ժամ էլ անցաւ, մէկ ուրիշը վիճում էր եւ ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետեւ գալիլիացի է»:60 Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ այդ ի՛նչ ես խօսում»: Եւ նոյն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց:61 Տէրը դարձաւ եւ նայեց Պետրոսին. եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թէ ինձ չես ճանաչում»:62 Եւ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնօրէն լաց եղաւ:

John 18:15-18

15 Եւ Յիսուսի յետեւից գնում էին Սիմոն Պետրոսը եւ միւս աշակերտը: Եւ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանօթ էր, Յիսուսի հետ մտաւ քահանայապետի տան գաւիթը:16 Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մօտ, դուրսը: Միւս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելաւ, դռնապանին ասաց եւ Պետրոսին ներս մտցրեց:17 Այն աղջիկը, որ դռնապանն էր, Պետրոսին ասաց. «Մի՞թէ դու էլ այդ մարդու աշակերտներից ես»: Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ:18 Այնտեղ կային ծառաներ եւ պահակներ, որոնք խարոյկ էին արել եւ տաքանում էին, քանի որ ցուրտ էր: Պետրոսն էլ նրանց հետ կանգնել էր ու տաքանում էր:

John 18:25-27

25 Եւ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր ու տաքանում էր. նրան ասացին. «Մի՞թէ դու էլ նրա աշակերտներից ես»: Նա ուրացաւ եւ ասաց՝ ո՛չ, չեմ:26 Եւ քահանայապետի ծառաներից մէկը՝ նրա՛ ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս տեսայ քեզ նրա հետ պարտէզում»:27 Պետրոսը դարձեալ ուրացաւ. եւ իսկոյն մի աքաղաղ կանչեց:

Cross Reference data is from OpenBible.info, retrieved June 28, 2010, and licensed under a Creative Commons Attribution License.