Genesis 42:15-20

ArmenianEastern(i) 15 Երդւում եմ փարաւոնի արեւով, որ այստեղից դուրս չէք գայ, քանի ձեր կրտսեր եղբայրն այստեղ չի եկել: 16 Արդ, ձեզնից մէկին ուղարկեցէ՛ք, որ այստեղ բերի ձեր եղբօրը, իսկ դուք կը մնաք արգելարանում, մինչեւ որ պարզուի, թէ ճի՞շտ էք ասում, թէ՞ ոչ: Հակառակ դէպքում, երդւում եմ փարաւոնի արեւով, որ դուք լրտեսներ էք»: 17 Եւ երեք օր նրանց բանտարկեց: 18 Յովսէփը երրորդ օրն ասաց նրանց. «Այսպէս արէք, որպէսզի փրկուէք. ես ինքս էլ աստուածավախ մարդ եմ: 19 Եթէ խաղաղասէր մարդիկ էք, ձեր եղբայրներից մէկն այստեղ՝ բանտում կը մնայ, իսկ մնացածներդ կը տանէք ձեր գնած ցորենը: 20 Ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ կը բերէք, որ հաւատամ ձեր ասածներին, ապա թէ ոչ՝ մահուան կը դատապարտուէք»: