Genesis 35:1-13

ArmenianEastern(i) 1 Աստուած ասաց Յակոբին. «Վե՛ր կաց գնա՛ բնակավայրդ՝ Բեթէլ, բնակուի՛ր այդ վայրում եւ այնտեղ զոհասեղան կառուցի՛ր Աստծուն, որ երեւաց քեզ քո եղբայր Եսաւից փախչելու ժամանակ»: 2 Յակոբն ասաց իր տնեցիներին ու իր հետ եղած բոլոր մարդկանց. «Վերացրէ՛ք ձեր միջից ձեզ մօտ եղած օտար աստուածները, մաքրուեցէ՛ք, փոխեցէ՛ք ձեր զգեստները, 3 որ վեր կենանք գնանք Բեթէլ, այնտեղ զոհասեղան կառուցենք Աստծուն, որը լսեց ինձ նեղ օրերին, ինձ հետ եղաւ եւ ինձ պահպանեց իմ ուղեւորութեան ընթացքում»: 4 Նրանք Յակոբին յանձնեցին իրենց մօտ եղած օտար աստուածներն ու իրենց ականջօղերը: Յակոբը դրանք թաղեց բեւեկնի ծառի տակ, Սիկիմում, այնպէս, որ դրանք կորած են մինչեւ այսօր: 5 Իսրայէլը չուեց Սիկիմից: Աստծու երկիւղը պատեց դրա շուրջը գտնուող քաղաքները, եւ նրանց բնակիչները չհետապնդեցին Իսրայէլի որդիներին: 6 Յակոբն ինքը եւ իր հետ եղած ամբողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթէլ, որը գտնւում է Քանանացիների երկրում: 7 Նա այնտեղ զոհասեղան շինեց, եւ այդ վայրը կոչեց Բեթէլ, որովհետեւ այնտեղ էր, որ Աստուած երեւացել էր նրան, երբ նա փախչում էր իր եղբայր Եսաւից: 8 Մեռաւ Դեբորան՝ Ռեբեկայի դայեակը, եւ թաղուեց Բեթէլից ներքեւ, կաղնու տակ: Յակոբն այդ վայրի անունը դրեց Սգոյ կաղնի: 9 Աստուած երեւաց Յակոբին, երբ սա Լուզում էր: Երբ Յակոբը Ասորիների Միջագետքից եկաւ Լուզ, Աստուած օրհնելով նրան՝ 10 ասաց. «Քո անունը Յակոբ է, բայց այլեւս Յակոբ չես կոչուելու, այլ Իսրայէլ կը լինի քո անունը»: Եւ նա կոչուեց Իսրայէլ: 11 Աստուած ասաց նրան. «Ես եմ քո ամենակարող Աստուածը: Աճի՛ր եւ բազմացի՛ր: Ցեղեր ու ցեղախմբեր պիտի ծնուեն քեզնից, եւ թագաւորներ պիտի ելնեն քո կողից: 12 Այն երկիրը, որ տուել եմ Աբրահամին ու Իսահակին, քեզ եմ տալու, քոնը թող լինի: Քեզնից յետոյ քո սերնդին եմ տալու այդ երկիրը»: 13 Եւ Աստուած վերացաւ նրանից, այն վայրից, որտեղ խօսել էր նրա հետ,