Genesis 30:37-43

ArmenianEastern(i) 37 Յակոբն առաւ խնկենու, ընկուզենու եւ սօսու դալար ճիւղեր, հանեց դրանց կեղեւը, եւ երեւաց սպիտակը: Գաւազաններից կանաչ մասը քերծելուց յետոյ գաւազանների քերծուած սպիտակը գունագեղ էր երեւում: 38 Քերծած գաւազանները նա դրեց ջրի գուռերի մէջ, որ երբ հօտերը գան ջուր խմելու, այդ գաւազանների մօտ բեղմնաւորուեն: 39 Մաքիները գաւազանների մօտ բեղմնաւորւում էին եւ ծնում խայտաճամուկ, պտաւոր ու խատուտիկ գառներ: 40 Յակոբը էգ գառներն առանձնացնում էր ու դնում մաքիների դիմաց, նաեւ՝ մոխրագոյն խոյերը եւ բոլոր խայտաճամուկ ոչխարները: Նա իր հօտն առանձնացնում էր, չէր խառնում Լաբանի հօտերին: 41 Երբ գալիս էր մաքիների զուգաւորուելով յղիանալու ժամանակը, Յակոբը գաւազանները դնում էր մաքիների դիմաց, գուռերի մէջ, որպէսզի նրանք բեղմնաւորուեն գաւազանների մօտ, 42 իսկ երբ մաքիները ծնում էին, այլեւս չէր դնում: Նշան չունեցողները լինում էին Լաբանի սեփականութիւնը, իսկ նշան ունեցողները՝ Յակոբի: 43 Այսպիսով Յակոբը չափազանց շատ հարստացաւ. նա ունեցաւ շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր: