Genesis 1:24-31

ArmenianEastern(i) 24 Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով»: Եւ եղաւ այդպէս: 25 Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով: Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են: 26 Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: 27 Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց: 28 Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: 29 Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, 30 իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»: Եւ եղաւ այդպէս: 31 Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ: