Genesis 11:2-9

ArmenianEastern(i) 2 Արեւելքից տեղաշարժուելու ժամանակ նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան եւ բնակուեցին այնտեղ: 3 Նրանք միմեանց դիմելով՝ ասացին. «Եկէք աղիւս շինենք ու այն թրծենք կրակով»: Աղիւսը նրանց համար ծառայեց իբրեւ քար, իսկ կուպրը՝ իբրեւ շաղախ: 4 Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք: Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»: 5 Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները: 6 Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել: Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են: 7 Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»: 8 Տէր Աստուած այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց: 9 Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մէկ: