Exodus 14:10-13

ArmenianEastern(i) 10 Փարաւոնը մօտեցաւ: Իսրայէլացիները բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան, որ եգիպտացիները կայք են հաստատել իրենց թիկունքում. սաստիկ վախեցան: 11 Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին առ Աստուած ու Մովսէսին ասացին. «Իբր թէ Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատում սպանուելու: Այս ի՞նչ բերեցիր մեր գլխին, ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից: 12 Մի՞թէ Եգիպտացիների երկրում քեզ չասացինք, թէ՝ «Թո՛յլ տուր, որ ծառայենք եգիպտացիներին»: Մեզ համար աւելի լաւ կը լինէր, որ ծառայէինք եգիպտացիներին, քան մեռնէինք այս անապատում»: 13 Մովսէսն ասաց ժողովրդին. «Քաջալերուեցէ՛ք, պի՛նդ կացէք եւ կը տեսնէք Տիրոջ արած փրկութիւնը, որ նա պարգեւելու է ձեզ այսօր, քանզի այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլեւս յար յաւիտեան չէք տեսնելու: