Exodus 12:21-28

ArmenianEastern(i) 21 Մովսէսը կանչեց բոլոր իսրայէլացի ծերերին ու նրանց ասաց. «Գնացէ՛ք, ձեր իւրաքանչիւր ընտանիքի համար մի ոչխար առէ՛ք եւ մորթեցէ՛ք զատկի համար: 22 Վերցրէ՛ք մի խուրձ ծոթրին, այն թաթախեցէ՛ք դռան մօտ եղած արեան մէջ եւ դրանով նշան արէ՛ք դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւը: Բայց ձեզնից ոչ ոք մինչեւ առաւօտ իր տան դռնից դուրս չգայ: 23 Տէրն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար: Նա, տեսնելով դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւում եղած արիւնը, կ՚անցնի կը գնայ այդ դռնով եւ Ոչնչացնողին թոյլ չի տայ մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ: 24 Այս խօսքերը մինչեւ յաւիտեան օրէնք թող լինեն քեզ եւ քո որդիների համար: 25 Երբ կը մտնէք այն երկիրը, որ Տէրը, իր խոստման համաձայն, տալու է ձեզ, կը կատարէք այդ ծիսակատարութիւնը: 26 Եթէ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թէ՝ «Ի՞նչ է նշանակում այս ծիսակատարութիւնը», 27 նրանց կը պատասխանէք, որ Տիրոջ համար զատկի զոհն է սա, այն Տիրոջ, որ Եգիպտոսում եգիպտացիներին կոտորելիս խնայեց իսրայէլացիներին, փրկեց մեր ընտանիքները»: Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագութիւն արեց: 28 Իսրայէլացիները գնացին ու արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին: