Exodus 40:19 Cross References - ArmenianEastern

19 տեղադրեց միջաձողերը, տասշերտանի վարագոյրը տարածեց վրանի վրայ: Վրանի ծածկոցները գցեց դրա վրայ եւ ամրացրեց վրանի ծածկերը վերեւից, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:

Exodus 26:1-14

1 «Նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւից տասշերտանի վարագոյրով խորան կը պատրաստես: Այն կը զարդարես ասեղնագործ քերովբէներով:2 Վարագոյրի ամէն շերտի երկարութիւնը պէտք է լինի քսանութ կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Բոլոր շերտերի չափսը նոյնը պէտք է լինի:3 Հինգ շերտերը պէտք է միացած լինեն իրար: Իրար պէտք է միացած լինեն նաեւ միւս հինգ շերտերը:4 Շերտերի կցուածքի մի կողմից մէկ շերտի եզերքին կապոյտ ճարմանդներ պէտք է դնես: Նոյնը պէտք է անես նաեւ երկրորդ կցուածքի արտաքին շերտի եզերքին:5 Յիսուն ճարմանդ կը դնես մի շերտի վրայ, յիսուն ճարմանդ էլ՝ կը դնես երկրորդ կցուածքի շերտի կողմից: Բոլոր ճարմանդները միմեանց դիմաց պէտք է լինեն:6 Կը պատրաստես յիսուն ոսկէ օղակներ եւ շերտերը իրար կը միացնես կեռիկներով: Այսպիսով կը ստացուի մի խորան:7 Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկոց կը պատրաստես: Տասնմէկ շերտերից թող բաղկացած լինի այն:8 Ամէն մի շերտի երկարութիւնը պէտք է լինի երեսուն կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Տասնմէկ շերտերի չափսը նոյնը պէտք է լինի:9 Հինգ շերտերը իրար կը միացնես առանձին եւ վեց շերտերը՝ առանձին: Վեցերորդ շերտը իբրեւ կրկնակի ծածկոց թող կախուի խորանի ճակատի կողմից:10 Յիսուն ճարմանդ կը պատրաստես կցուածքի ամէն շերտի եզերքին, յիսուն ճարմանդ էլ՝ երկրորդ կցուածքի շերտի եզերքին:11 Կը պատրաստես յիսուն պղնձէ օղակներ եւ ճարմանդները օղակների մէջ անցկացնելով՝ իրար կը միացնես շերտերը: Կը ստացուի մի ամբողջութիւն:12 Շերտերի աւելացած մասերը կը տեղաւորես վրանի տակ. շերտի այդ աւելացած մասի կէսով կը ծածկես վրանի ծայրամասերը՝ յետեւի կողմից:13 Վրանի վարագոյրների երկարութեան աւելացած մասից մի կանգուն թող կախուի այս կողմից եւ մի կանգուն՝ այն կողմից: Վրանի ծայրերը թող ծածկուեն այս ու այն կողմից:14 Վրանի ծածկը կը պատրաստես խոյերի շիկակարմիր մորթուց, իսկ դրա վրայ էլ մի ծածկ կը դնես կապոյտ մորթուց:

Exodus 36:8-19

8 Գործի ընդունակ բոլոր մարդիկ արհեստաւորների հետ նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի ու կրկնակի կարմիր կտաւից պատրաստեցին տասշերտանի խորանը, այն զարդարեցին ասեղնագործ քերովբէներով:9 Մէկ շերտի երկարութիւնը քսանութ կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Բոլոր շերտերի չափսը նոյնն էր:10 Հինգ շերտերը միացուած էին միւս հինգ շերտերին, իսկ միւս հինգ շերտերն էլ միացուած էին միւս հնգին:11 Նա կապոյտ ճարմանդներ դրեց մի շերտի եզրին՝ միացման տեղում:12 Նոյնն արեց միացուող երկրորդ շերտի արտաքին կցուածքի վրայ:13 Յիսուն ճարմանդ դրեց մի շերտի եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի կողմից, որպէսզի ճարմանդներից իւրաքանչիւրը միանայ միւսին: Պատրաստեց ոսկէ յիսուն օղակներ եւ դրանցով շերտերը միացրեց միմեանց: Ստացուեց մի խորան:14 Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկեր պատրաստեց. տասնմէկ շերտից շինեց դրանք:15 Մէկ շերտի երկարութիւնը երեսուն կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Տասնմէկ շերտերի չափսը նոյնն էր:16 Հինգ շերտերը միացրեց առանձին, եւ վեց շերտերն էլ՝ առանձին:17 Միացման տեղում, շերտերի եզրին դրեց յիսուն ճարմանդ եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի եզրին:18 Պատրաստեց յիսուն պղնձէ օղակներ, եւ դրանք իրար կցեց, որ վրանը միակտուր դառնայ:19 Խորանի ծածկը պատրաստեց խոյերի կարմիր ներկուած մորթիներից, իսկ կապոյտ մորթուց պատրաստուած ծածկը դրեց վերին կողմից:

Cross Reference data is from OpenBible.info, retrieved June 28, 2010, and licensed under a Creative Commons Attribution License.