Exodus 28:9-21

ArmenianEastern(i) 9 Զմրուխտէ երկու ակնաքար կ՚առնես եւ դրանց վրայ կը փորագրես Իսրայէլի որդիների անունները. նրանցից վեցի անունները կը փորագրես մի ակնաքարի վրայ եւ միւս վեցինը՝ երկրորդ ակնաքարի վրայ, ըստ իրենց ցեղերի: 10 Դա ակնագործների արուեստին վայել մի գործ պէտք է լինի: 11 Իսրայէլի որդիների անունները կը քանդակես երկու ակնաքարերի վրայ այնպէս, ինչպէս կնիքներն են քանդակում: Դրանց շուրջը ոսկով կը զարդարես: 12 Երկու ակնաքարերը կը զետեղես ուսի վրայ դրուող վակասի վրայ, որպէսզի դրանք Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը լինեն: Ահարոնը, ի յիշատակ նրանց, Աստծու առաջ իր երկու ուսերի վրայ պէտք է կրի Իսրայէլի որդիների անունները: 13 Օղակ ու ճարմանդ կը պատրաստես մաքուր ոսկուց: 14 Մաքուր ոսկուց կը պատրաստես այդ երկու կապիչները, որոնք ծաղկազարդ մանուածքով հիւսկէններ պէտք է լինեն: Կապիչները կ՚ամրացնես ուսանոցի երկու օղակներին՝ 14 նրանց վտաւակների մօտ, առջեւի կողմից»: 15 «Դատաստանի լանջապանակը նկարազարդ կտորից կը պատրաստես. վակասի նման՝ ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից: 16 Քառակուսի կը պատրաստես այն՝ մէկ թիզ երկարութեամբ եւ մէկ թիզ լայնութեամբ: 17 Դրա վրայ ակնաքարերը կը շարես չորս շարք ընդելուզուածքով: Ակնաքարերի շարքերը այսպէս թող լինեն. առաջինը՝ զմրուխտ, սարդիոն եւ տպազիոն՝ մէկ շարք: 18 Երկրորդ շարքը՝ նռնաքար, շափիւղայ եւ յասպիս: 19 Երրորդ շարքը՝ գոճազմ, ագատ եւ սուտակ: 20 Չորրորդ շարքը՝ յակինթ, բիւրեղ եւ եղնգաքար: Դրանք թող դասաւորուեն ըստ իրենց նշուած շարքերի՝ ընդելուզուած, ոսկով ամրացուած: 21 Իսրայէլի որդիների անուններով փորագրուած ակնաքարերը թող լինեն թուով տասներկու՝ ըստ նրանց անունների թուի: Իւրաքանչիւրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենայ իր անունը: