Exodus 26:1-14

ArmenianEastern(i) 1 «Նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւից տասշերտանի վարագոյրով խորան կը պատրաստես: Այն կը զարդարես ասեղնագործ քերովբէներով: 2 Վարագոյրի ամէն շերտի երկարութիւնը պէտք է լինի քսանութ կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Բոլոր շերտերի չափսը նոյնը պէտք է լինի: 3 Հինգ շերտերը պէտք է միացած լինեն իրար: Իրար պէտք է միացած լինեն նաեւ միւս հինգ շերտերը: 4 Շերտերի կցուածքի մի կողմից մէկ շերտի եզերքին կապոյտ ճարմանդներ պէտք է դնես: Նոյնը պէտք է անես նաեւ երկրորդ կցուածքի արտաքին շերտի եզերքին: 5 Յիսուն ճարմանդ կը դնես մի շերտի վրայ, յիսուն ճարմանդ էլ՝ կը դնես երկրորդ կցուածքի շերտի կողմից: Բոլոր ճարմանդները միմեանց դիմաց պէտք է լինեն: 6 Կը պատրաստես յիսուն ոսկէ օղակներ եւ շերտերը իրար կը միացնես կեռիկներով: Այսպիսով կը ստացուի մի խորան: 7 Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկոց կը պատրաստես: Տասնմէկ շերտերից թող բաղկացած լինի այն: 8 Ամէն մի շերտի երկարութիւնը պէտք է լինի երեսուն կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Տասնմէկ շերտերի չափսը նոյնը պէտք է լինի: 9 Հինգ շերտերը իրար կը միացնես առանձին եւ վեց շերտերը՝ առանձին: Վեցերորդ շերտը իբրեւ կրկնակի ծածկոց թող կախուի խորանի ճակատի կողմից: 10 Յիսուն ճարմանդ կը պատրաստես կցուածքի ամէն շերտի եզերքին, յիսուն ճարմանդ էլ՝ երկրորդ կցուածքի շերտի եզերքին: 11 Կը պատրաստես յիսուն պղնձէ օղակներ եւ ճարմանդները օղակների մէջ անցկացնելով՝ իրար կը միացնես շերտերը: Կը ստացուի մի ամբողջութիւն: 12 Շերտերի աւելացած մասերը կը տեղաւորես վրանի տակ. շերտի այդ աւելացած մասի կէսով կը ծածկես վրանի ծայրամասերը՝ յետեւի կողմից: 13 Վրանի վարագոյրների երկարութեան աւելացած մասից մի կանգուն թող կախուի այս կողմից եւ մի կանգուն՝ այն կողմից: Վրանի ծայրերը թող ծածկուեն այս ու այն կողմից: 14 Վրանի ծածկը կը պատրաստես խոյերի շիկակարմիր մորթուց, իսկ դրա վրայ էլ մի ծածկ կը դնես կապոյտ մորթուց: